Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Այդ մասին գրում է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը: Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշված է հայտարարությունում:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, աշխատակցներից մեկին տեղափոխել են Քննչական կոմիտե։ Աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անառակաբարո արարք կատարելու հոդվածով, հայտնել է ՔԿ մամուլի քարտուղարը:
Գոռ Աբրահամայանը հայտնել է, որ քննիչը կայացրել է աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը և իրականացվել է։ Այս պահին այդ անձի հետ կատարվում են քննչական գործողություններ։ Այլ տեղեկություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվել։