Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ոչ պաշտոնական նախաճաշ է անցկացրել ԱՊՀ երկրների գործընկերների հետ, որոնք Հաղթանակի օրը Մոսկվա էին եկել որպես պատվավոր հյուրեր:
Հրավիրվածների թվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։
Մինչ նախաճաշելը ղեկավարները հետևել են տոնական Հաղթանակի շքերթին:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանը երախտապարտ է այն պետությունների ղեկավարներին, որոնք այս անգամ ժամանել են Մոսկվա՝ տոնակատարություններին մասնակցելու համար:
«Մայիսի 9-ը պահպանվում է որպես նախկին Խորհրդային Միության ժողովուրդների գլխավոր տոներից մեկը, և ԱՊՀ անդամ շատ երկրներ մինչ օրս այն համարում են սուրբ օր, որը պետք է նշվի: Եվ, իհարկե, այս առիթով մենք շատ շնորհակալ ենք մեր հյուրերին, քանի որ նրանք հնարավոր համարեցին այս օրը լինել մեր նախագահի կողքին և լինել մեզ հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։