Երբ ես ասում եմ՝ կառավարություն, իհարկե, նկատի ունեմ ներառյալ խորհրդարանական մեծամասնությունը, որովհետև առանց խորհրդարանական աջակցության կառավարությունը չի կարող աշխատել, այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքական մեծամասնության աշխատանքը ես լավ եմ գնահատում, բայց ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն. ամենակարևորն այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից, Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից, դուրս ենք բերել փակուղուց։ Հայաստանը դուրս ենք բերել մի տեղ, որտեղ բոլոր ուղղություններով Հայաստանի առաջ բացվել է հեռանկար»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց՝ պետական պարտքի ամբողջ ավելացումը 2018 թվականից մինչև 2024-ը կապված է եղել պաշտպանության ոլորտի հետ։
«4,4 միլիարդ դոլարի կապիտալ ծախս է եղել այդ ոլորտում: Չեն տեսե՞լ այդ թիվը. ո՞նց կարող է չտեսնեին։ Հաջորդ ուղղությունը, որ պարտքը ավելացավ, կապված է Ղարաբաղի փախստականների և Ղարաբաղի հետ կապված չնախատեսված ֆունկցիաների ծախսի համար։ Ուրիշ պատմություն սրա տակ չկա և պարզապես գոյություն չունի»,–ասաց Փաշինյանը։





