Գլխավոր դատախազը ՍամվելԿարապետյանի գործով հաղորդում է ներկայացրել մամուլի հրապարակումների հիման վրա։ Այստեղ շատ հետաքրքիր հանգամանք կա, թե կոնկրետ ժամանակագրորեն դա հատկապես երբ է եղել՝ ֆեյսբուքյան «արդարադատության» մեկնարկից առաջ թե հետո, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Կրկին վերհիշենք՝ խոսքը ենթադրյալ միջին ծանրության հնացանքի մասին է, որի համար պատիժը կարող է լինել տուգանքը, բայց գլխավոր դատախազը ներկայացնում է հաղորդում։ Այս պայմաններում դատարանը գտել է, որ առկա է Կարապետյանի՝ քննությունից թաքնվելու ռիսկ։ Ի դեպ, այս հանգամանքը միջազգային փորձում ևս աննախադեպ է։ Դատարանը նաև գտնում է, որ Սամվել Կարապետյանը կարող է խոչընդոտել քննությանը, մի քննության, որի առյուծի բաժինը հանդիսանում է տեսանյութը։ Օբյեկտիվ իրականության մեջ դա նույնիսկ խելագարության կանխավարկածով անհնարին է»,- ասաց փաստաբանը։
Արամ Վարդևանյանը շեշտեց՝ աբսուրդային է, որ մարդը լինի կալանավորված, և այդ ընթացքում փորձեն խլել նրա բիզնեսը։
«Որտեղի՞ց են ներկա իշխանությունները որոշել , որ իրենք ֆանտաստիկ կառավարիչներ են։ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի գործունեությնա մեջ էական թերություն չի տեսել, ավելին՝ միայն դրականն է տեսել, ավելին՝ ՀԷՑ-ում կատարված ներդրումները ևս փաստական տվյալներ են»,- ասաց փաստաբանը։
Վարդևանյանը հիշեցրեց՝ արդեն տասը օրից ավելի է, ինչ գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քննություն է ընթանում, և ինքը կարող է պնդել, որ ոչ մի գործողություն էլ չի ընթանում։
«Պարզապես պետք էր Սամվել Կարապետյանին կալանավորել, որպեսզի ՀԷՑ-ի նկատմամբ միջամտություն կատարվի։ Կարո՞ղ եմ ասել, որ իմ այս պնդումը բխում է գործադիրի ղեկավարի կողմից հունիսի 17-ին ուղիղ տրված խոստումից։ Կարծում եմ՝ կարող եմ նման պնդում անել»,- ամփոփեց փաստաբանը։





