Պարգևավճար ստացել են միայն քպ-ական պատգամավորները. «Հետք»

31

«Հետք»-ը գրում է․ Չնայած ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության  մեջ նշվում է ԱԺ պատգամավորներին պարգևատրելու մասին, սակայն պարզվում է` պարգևատրումը վերաբերում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին:

Արդեն հայտնել էինք, որ Սահմանադրության օրվա առթիվ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, և քանի որ կարգադրության մեջ չէր նշվում որևէ խմբակցության պատգամավորների մասին, մենք գրել էինք, որ պարգևատրվել են ԱԺ պատգամավորները: Հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին ընդդիմադիր պատգամավորներ` ասելով, որ իրենց պարգևավճար չի փոխանցվել:

Մեզ հետ զրույցում Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հաստատեց, որ պարգևատրվել են միայն քաղաքական մեծամասնության պատգամավորները: Խաչատրյանի խոսքով` ՔՊ-ական պատգամավորներին պարգևավճար է փոխանցվել հաշվի առնելով այն, որ նստաշրջանն ավարտվել է, և վերջիններս ծանրաբեռնված աշխատում են թե՛ հանձնաժողովներում, թե՛ արտահերթ նիստերում: Իսկ ընդդիմությանը պարգևավճար չի փոխանցվել` վերջիններիս բացակայությունների պատճառով: