«Պատերազմը և մենք». «հայ-ադրբեջանական գոյաբանական հակամարտության «կնքահայրը» Թուրքիան է». (մաս 2)

23

1-ին մասը տես այս հղումով

«Պատերազմը և մենք» շարքի առաջին մասում արդեն քննարկել ենք թշնամու հետ պատերազմից խուսափելու կամ դրա անխուսափելիության խնդիրը և արձանագրել, որ դրա հետ հակամարտության խնդիրը «տեխնիկական» իմաստով լուծումներ չունի և գոյաբանական է, ուստի պատերազմից կարելի է խուսափել կամ չխուսափելով հաղթական պատերազմ մղել միայն բոլոր իմաստներով դրան լիարժեք պատրաստ լինելու պայմաններում։ Իսկ սրա համար անհրաժեշտ է ճանաչել թշնամուն։ 2․ ԹշնամինԵվ այսպես, լայն իմաստով Հայաստանի թշնամին ադրբեջանաթուրքական միավորն է՝ ըստ էության, Թուրքիան իր հայատյաց և ծավալապաշտական ծրագրով, որի բաղադրիչներից մեկն Արևելյան Այսրկովկասում դեռևս 1918թ․ իրանական հռչակավոր երկրամասի՝ Ատրպատականի, անվան յուրացմամբ Ադրբեջան արհեստածին կազմավորման ստեղծումն էր։ Ուստի լայն իմաստով հայ-ադրբեջանական գոյաբանական հակամարտության «կնքահայրը» հենց Թուրքիան է, որից ոգեշնչվում, որին ընդօրինակում և որի շահերի սպասարկմանն է ծառայում Ադրբեջան արհեստածին կազմավորումը։ Թուրք-ադրբեջանական՝ արևմտյան և արևելյան, երկու թշնամական ճակատներով միաժամանակյա պայքարը ռեսուրսային սահմանափակ հնարավորություններով Հայաստանի համար առնվազն այս պահին անիրատեսական է, հետևաբար հիմնական ջանքը պետք է ուղղված լինի Թուրքիային բոլոր հնարավոր միջոցներով՝ այդ թվում դաշնակցային ուժերով զսպելուն և այդ միջակայքում Ադրբեջանը ջախջախելուն՝ կամ այլ խոսքերով, թուրք-ադրբեջանական դաշինքը՝ դրա մի բաղադրիչի՝ Ադրբեջանի, ամբողջական չեզոքացմամբ, նշանակալիորեն ամլացնելուն։ Արդյոք կա՞ նման հնարավորություն։ Այո՛, կա, և մենք ունենք այդպիսի չեզոքացման լավագույն փորձառություն 1990-ակաների սկզբին, երբ նաև անհեռատես ենք եղել կարծելու, թե այդ չեզոքացումը կիսատ թողնելով կարող ենք խնդրին «տեխնիկական» լուծում տալ։ Ադրբեջանն, իր էությամբ լինելով արհեստածին և մեկ անձի իշխանությամբ բռնատիրական գոյացություն, չնայած գրեթե բոլոր ասպարեզներում Հայաստանի նկատմամբ ռեսուրսային առավելություններին, ամենևին էլ միատարր և անճեղքելի պատվար չէ, այլ ունի գրեթե անհամար բեկվածքներ, որոնց ճշգրիտ որոշարկումը և կետային խոցումը կարող է բերել այս գոյացության արհեստածին կենսունակության սպառմանը և լիակատար փլուզմանը։ Սա նաև իրատեսական է, քանի որ ժամանակակից հիբրիդային պատերազմը վաղուց արդեն միայն բանակների առճակատ բախում չէ որևէ կոնկրետ ֆիզիկական տարածքում, այլ ընդգրկում է ամեն ինչ՝ այդ թվում մինչև թշնամու հետ հողի վրա ֆիզիկական բախումը վերջինիս հոգեբանական ոչնչացում, քաոսի սերմանում թշնամական երկրում, թշնամական պետական ազգից ամբոխի կերտում, թշնամու՝ ագրեսիվ դիվանագիտական թուլացում և ոչնչացում, թշնամու՝ քարոզչական ոչնչացում և բազմաթիվ այլ գործողություններ, որոնք ենթադրում են թշնամու նկատմամբ ինտելեկտուալ և տեխնոլոգիական գերակայության լիակատար սահմանում ֆիզիկական ռեսուրսների սղության պայմաններում։ Արդյո՞ք մենք ունե՞նք այլընտրանք չչեզոքացնելու Ադրբեջանը։ Իհարկե, ունենք․ թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը կործանի Հայաստանը։ Այս դեպքում սակայն մենք անարաժան հանցագործներ կդառնանք ոչ միայն մեր նախնիների հիշատակի և սերունդների ապագայի, այլ նաև համաշխարհային քաղաքակրթության առջև, քանզի Հայաստանն ինքը քաղաքակրթական, իսկ թշնամին բարբարոսական նախասկիզբն է։

Վարդան Ոսկանյան