Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել լրագրողների հասցեին քպական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի արտահայտության վերաբերյալ: Հայտարարության տեքստում ասված է․
«2022թ․ հունվարի 20-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով քաղաքական ուժերի կամ գործիչների հետ ասոցացվող հեռուստաընկերությունների և առցանց հարթակների լրագրողների գործունեությանը, վերջիններիս անվանել է «վերբալ մարմնավաճառներ»։ Փաստորեն, մեղադրելով նրանց վիրավորանքներ ու ատելություն տարածելու մեջ, պատգամավորն ինքն է այդպիսի խոսքեր կիրառել, ընդ որում՝ մի քանի անգամ կրկնել է դրանք իր ելույթում ու վերահաստատել նաև հունվարի 21-ի նիստում։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք իշխող ուժի ներկայացուցչի այս վարքագիծն ու բառամթերքը, որոնք ոչ միայն հարիր չեն պատգամավորի կարգավիճակին և դրան վերաբերող էթիկական նորմերին, այլև անվստահություն են առաջացնում մի քաղաքական գործչի նկատմամբ, որը կոչված է զբաղվել օրենքներ ստեղծելով, այդ թվում՝ ուղղված վիրավորանքին ու ատելությանը հակազդելուն ու դրանց տարածման համար պատասխանատվություն սահմանելուն։
Խիստ քննադատորեն վերաբերվելով հայաստանյան հեռուստաեթերի այսօրվա վիճակին՝ փաստում ենք, որ իշխանությունը երեք տարիների ընթացքում այդպես էլ չիրականացրեց այն «մաքրելու» իր մտադրությունը։ Ոլորտի բարեփոխումների համար չօգտագործվեցին ոչ օրենսդրական փոփոխությունները, ոչ էլ իրավակիրառ պրակտիկան։ Փոխարենը իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում հոխորտալու, վիրավորանքներ շռայլելու մասնավոր հեռուստաընկերությունների հասցեին։ Թեև վերջիններս իսկապես մեծամասամբ տարբեր քաղաքական շահեր են սպասարկում, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ դաշտը կարգավորելու փոխարեն՝ իշխանավորները պետք է վիրավորական խոսքեր ուղղեն հեռարձակվող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։
Արձանագրում ենք, որ առայժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որևէ անդամ հանդես չի եկել քննադատությամբ կամ գոնե անհամաձայնություն ու ափսոսանք չի հայտնել իր կուսակցի անպատասխանատու արտահայտության համար։ Եվ սա ևս մեկ տագնապալի նախադեպ է, որը կարող է խորացնել հասարակության մեջ առկա պառակտվածությունը, անհանդուրժողականությունն ու հայհոյախոսությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․
– Ազգային ժողովից՝ անհապաղ քայլեր ձեռնարկել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վարքագիծը քննարկման առարկա դարձնելու և համապատասխան որոշում կայացնելու համար,
– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել և գնահատական տալ Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին ուղղված վիրավորանքի վերաբերյալ։ Գնահատականի բացակայությունը դիտարկվելու է որպես տվյալ քաղաքական ուժի լուռ համաձայնություն և նման հռետորաբանության խրախուսում,
– Վահագն Ալեքսանյանից՝ ներողություն խնդրել լրագրողական համայնքից անպարկեշտ և վիրավորական արտահայտության համար և երաշխավորել, որ դա ապագայում չի կրկնվի։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ»
Աղբյուր` Փաստինֆո