Հայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կողմից արված Ուինսթոն Չերչիլի հայտնի լուսանկարի բնօրինակը հայտնաբերվել է Իտալիայում։ Այն գողացել էին Օտտավայում և փորձել էին Իտալիայում փոխանակել կեղծ նկարի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Massispost» պարբերականը։
1941 թվականի լուսանկարը, որը հայտնի է «Մռնչող առյուծ» անվամբ, արվել է Քարշի կողմից անմիջապես այն բանից հետո, երբ Չերչիլը ելույթ է ունեցել Կանադայի խորհրդարանում:
Օտտավայի ոստիկանությունը հայտնել է, որ դիմանկարը հայտնաբերվել է Իտալիայի Ջենովա քաղաքում մասնավոր գնորդի մոտ, ով չգիտեր, որ այն գողացվել է: Իշխանությունները նաև ձերբակալել են Կանադայի Օնտարիո նահանգի Պովասան քաղաքից մի տղամարդու՝ կապված գողության և անօրինական վաճառքի հետ: 43-ամյա տղամարդուն, ում անունը չի հրապարակվում՝ ելնելով քննության շահերից, Կանադայում ներկայացվել են բազմաթիվ մեղադրանքներ, այդ թվում՝ զեղծարարություն, գողություն, թրաֆիքինգ և գույքային վնասի պատճառում:
Քննիչները հայտնել են, որ նա ձերբակալվել է ապրիլի 25-ին, իսկ հաջորդ օրը հայտնվել է Օտտավայի դատարանում: Խորհրդանշական լուսանկարում պատկերված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը:
Հետագայում Քարշը պատմել է, որ լուսանկարն անելու համար ստիպված է եղել հեռանցնել սիգարը Չերչիլի բերանից։ «Մոխրամանը մեկնեցի նրան ու սպասեցի, բայց նա շարունակում էր եռանդով թփթփացնել սիգարը։ Շարունակեցի սպասել։ Այնուհետև քայլեցի դեպի նա և առանց կանխամտածվածության, սակայն հարգանքով ասացի՝ «ներեցեք ինձ, պարոն» և հեռացրի սիգարը նրա բերանից»,- ասել է Քարշը՝ հիշելով լուսանկարի պատմությունը։
Քարշը հետագայում գրել է նաև իր զգացողությունների մասին, երբ լուսանկարելուց հետո վերադարձել է տեսախցիկի մոտ ու նայել Չերչիլին․ «Այնքա՜ն ռազմատենչ տեսք ուներ, որ կարող էր կուլ տալ ինձ»,- գրել է նա:
Յուսուֆ Քարշը կանադահայ լուսանկարիչ է, ով հայտնի է նրանով, որ ժամանակին լուսանկարել է նշանավոր դեմքերին։ Նա համարվում է 20-րդ դարի ամենամեծ դիմանկարային լուսանկարիչներից մեկը։
Հայոց ցեղասպանությունից փրկված Քարշը որպես փախստական գաղթել է Կանադա։ 1930-ական թվականներին ինքնահաստատվել է որպես նշանավոր լուսանկարիչ Օտտավայում, որտեղ ապրել է իր կյանքի մեծ մասը, թեև շատ է ճամփորդել աշխատանքի բերումով: Ուինսթոն Չերչիլի խորհրդանշական լուսանկարը շրջադարձային պահ է եղել նրա կարիերայում, որից հետո եղել են քաղաքական առաջնորդների և արվեստի ու գիտության նշանավոր գործիչների բազմաթիվ դիմանկարներ: Նրա 20-ից ավելի լուսանկարները հայտնվել են Life ամսագրի շապիկին։