Միայն թուրք ժողովուրդը, և ոչ թե ԱՄՆ-ն, կարող է որոշում կայացնել փոխելու իր կառավարությունն ու նախագահին, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի սկանդալային հայտարարությունները Թուրքիայի վերաբերյալ: Խոսքն այն մասին է, որ Բայդենը պատրաստակամություն էր հայտնել իր ընտրման պարագայում աջակցելու թուրքական ընդդիմությանը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնանկության նպատակով։ «Մենք կտրականապես մերժում ենք նման պարտադրանքներ», ասել է Չավուշօղլուն Անադոլու գործակալությանը։
Չավուշօղլուն նաև տեղեկացրել է, որ իր ամերիկացի պաշտոնակից Մայք Պոմպեոյի հետ քննարկել է Լիբիայում տիրող իրավիճակը: Կողմերը պայմանավորվել են փորձագիտական մակարդակով շարունակել խորհրդակցությունները այդ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ: