Մենք կանգ չենք առնելու, քանի դեռ ամբողջությամբ չենք ազատագրել մեր հողերը. Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում.
«Ուկրաինայի ժողովուրդը ցույց տվեց, որ մենք կարող ենք հաղթել: Պարզապես տվեք մեզ անհրաժեշտ զենքն ու հակաօդային պաշտպանության համակարգերը»:
Երմակը նշել է, որ Ուկրաինան պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև Եվրոպային. «Ուկրաինայի դեմ պատերազմն ընդամենը Պուտինի ռազմավարության մի մասն է, և նա կունենա նոր նպատակներ։ Պատերազմը շարունակվում է, մեր ժողովուրդը զոհվում է ճակատում, վիճակը շատ ծանր է, միլիոնավոր մարդիկ չեն կարողանում գիշերները հանգիստ քնել, մեր ժողովուրդը հոգնել է, բայց սա մեր հողն է, և մենք կանգ չենք առնելու, մինչև չազատագրենք այն»։
ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Անդրեյ Երմակն ասել է, որ Ուկրաինային պետք է ՆԱՏՕ-ն, իսկ ՆԱՏՕ-ն՝ Ուկրաինային։
Նա նաև իր կածիքն է հայտնել ամերիկյան ռազմական օգնության փաթեթի վերաբերյալ։
«Առանց այս աջակցության, մենք չունենք պլան Բ: Մենք ծրագիր ունենք և կշարունակենք այնքան ժամանակ, մինչև չազատենք մեր երկիրը: Մենք զգում ենք Կոնգրեսի աջակցությունը և հավատում ենք, որ օգնության այս փաթեթը կհաստատվի։ Ցավոք, այս հարցում ժամանակը շատ կարևոր դեր է խաղում։ Որքան շուտ հաստատվի ռազմական օգնությունը, այնքան ավելի շատ կյանքեր կփրկի այն։ Մի մոռացեք, թե ում հետ ենք մենք կռվում։ Կարևոր է, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի Ուկրաինայի հաղթանակով։ Արդար խաղաղությունը կարևոր է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների վերականգնման համար»,- ասել է նա։