Այսօր երեկոյան Երևան-Արարատ մայրուղում ոստիկանության աշխատակիցները իրականացում էին ուժեղացված ծառայություն՝ ստուգում էին Երևան մտնող ու դուրս եկող մեքենաների բեռնախցիկները:
Փորձեցինք ոստիկանության աշխատակիներից պարզել, թե ինչ է կատարվում: Նրանցից մեկը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:
Մեքենաները ստուգում էին նաև քաղաքացիական հագուստով անձինք, որոնք նշեցին, որ իրենք ևս ոստիկաններ են: Նրանք մեկը մյուսին հորդորում էին ավելի ուշադիր ստուգել հատկապես տաքսիները․ «Ախպեր էն փնթի, չլվացած տաքսիները ստուգեք, դրանց մեջ կարա լինի»։
Ոստիկաններից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրականացնում են ուժեղացված ծառայություն: Հարցին, թե ի՞նչ են փնտրում նրանք, ոստիկանը պատասխանեց, որ մեկնաբանություն տալ չի կարող և ուղղորդեց դիմել ոստիկանության լրատվական ծառայություն:
«Հետք»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Էդգար Ջանոյանը նշեց, որ ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է ուժեղացված ծառայություն: «Ուժեղացված ծառայությունը իրականացվում է պարբերաբար՝ հասարակական կարգի պահպանման նպատակով»,- հայտնեց նա:
Այն հարցին, թե արդյո՞ք կոնկրետ նպտակ չէր հեպատնդում ուժեղացված հսկողությունը, քանի որ ոստիկանները մեկը մյուսին հորդորում էին ստուգել հատկապես տաքսիները, Ջանոյանն ասաց, որ արդեն պատասխանել է մեր հարցին: