Կարելի է արձանագրել, որ շրջանառության հարկի նոր փոփոխություններն ամենից դրամատիկն են փաստաբանական համայնքի համար: Առանց հանրային մասնագիտական քննարկումների, ընդունվել է դրակոնյան մի որոշում այն իմաստով, որ այլևս 2025 թվականի հունվարի 1-ից հետո փաստաբանները չեն կարող աշխատել հարկային նպաստավոր ռեժիմի, շրջանառության հարկի դաշտում, ընդ որում՝ դրանց նկատմամբ չի փոփոխվել շրջանառության հարկի շեմը, չեն ներդրվել, փոփոխվել նոր դրույքաչափեր, չեն սահմանվել կարգավորման ինչ- ինչ խելամիտ մոտեցումներ։ Պարզապես որոշել են, որ փաստաբանները այլևս անելիք չուներ շրջանառության հարկի դաշտում:
Իհարկե, այս լուծումն, այս մեկնաբանությունը, այս որոշումը ոչնչով, կարելի է ասել, պատճառաբանված չէ և ընդամենը մեկ գերնպատակ ունի և դա, հավանաբար, փաստաբանական համայնքի նկատմամբ ներկա իշխանության քենն է, ներկա իշխանության վրդովմունքը դեպի հարաբերականորեն անկախ փաստաբանական համայնքը:
Ի դեմս փաստաբանների, իշխանություններն ունեն լուրջ կազմակերպված, մասնագիտորեն պատրաստված, փորձություններով անցած և կոփված հակառակորդի, մարդկանց, որոնք կարող են նաև առանց վարձատրության որևիցե մեկի պաշտպանը լինել, կարող են առանց վարձատրության լինել մարդկանց շահերի իրական օգնականը և կարող են տարատեսակ մաքսային, հարկային վարչական իրավախախտումների տակ հեծեծող և տնքող մարդկանց ազատել տարատեսակ տուգանքային ճիրաններից և թակարդներից:
Նախատեսվող փոփոխություններով շրջանառության հարկից դուրս հրավիրվող փաստաբանների համար փոխվում են հարկային դրույքները, մոտավոր աճը կազմելու է 600 տոկոս։
Ներկայում կիրառվող 5%-անոց դրույքաչափը փոխարինվելու է ավելացված արժեքի 20 տոկոսանոց և շահութահարկի 18 տոկոսանոց դրույքաչափերի հանրագումարով: Որպեսզի ընթերցողը պատկերացնի փաստաբաններին սպասվող ֆինանսական այս թակարդը և փորձանքը, կատարենք մի համեմատություն կոնկրետ օրինակի վրա։
Դիցուք՝ որևէ քաղաքացի փաստաբանի հետ որևէ վարչական իրավախախտման հետ կապված կնքում է պայմանագիր փաստաբանական ծառայության ստանալու նպատակով եթադրենք մեկ միլիոն դրամի չափով։ Այդ մեկ միլիոն դրամից փաստաբանը վճարում էր 50000 դրամ որպես հարկի գումար, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հետո նույն պայմանագրի նույն գումարի դեպքում վճարելու է 480000 դրամ: Այսինքն՝ մտածել են, որ փաստաբանների հետ իրենք մտնելու են պարզապես կիսովի բիզնեսի մեջ։
Որո՞նք են այս որոշման վտանգները:
Վտանգներից հիմնականը փաստաբանական համայնքին հասցվող ինստիտուցիոնալ վնասն է։ Ներկա իշխանավորները փորձում են փաստաբաններին կանգնեցնել անլուծելի հարցի առջև։ Աշխատե՞լ, թե չաշխատել:
Կա մի նրբություն ևս, որը ոչ մասնագետները չեն նկատի։ Դա փաստաբանի ծառայության յուրահատկությունն է գիտելիքահեն լինելու իմաստով։
Եթե ավելացած հարկի դաշտում և շահութահարկի դաշտում աշխատող տնտեսվարողները հարկերը վճարում են ավելացված արժեքի բազայի և հետագայում շահութահարկն՝ արդեն իսկ նրանց ունեցած եկամուտների և ծախսերի հանրագումարների տարբերության 18%-ի չափով, ապա փաստաբանի աշխատանքի յուրահատկությունը նրանում է, որ նա սարքավորումներ ձեռք չի բերում և հարկային դրույքաչափը տարածվելու է նրա ամբողջ հասույթի, ոչ թե ավելացված արժեքի վրա:
Կարծում եմ՝ հարցերից մեկն է նաև փաստաբանական համայնքում սերնդափոխության հետ կապված լրջագույն պրոբլեմը:
Պատկերացրեք, որ ծախսերի դեպքում, իհարկե փաստաբանները փորձելու են գումարը ստանալ իրենց դիմումատուներից, իսկ պաշտպանյալներն իրենց հերթին, իհարկե, փորձելու են կողմնորոշվել և հավասար հարկային բեռի պայմաններում վարձել ավելի մեծ վաստակ ունեցող, ավելի հանրաճանաչ, ավելի փորձառու փաստաբաններին, և կարելի է ասել, որ ընդամենը մի քանի տարի հետո հայաստանում երիտասարդ, նոր սերնդի փաստաբան չի լինելու, որովհետև նրանք պարզապես գործ չեն ունենալու։ Մարդիկ առաջին հերթին խուսափելու են պայմանագրեր կազմելուց և գործ են բռնելու ավելի փորձառու փաստաբանների հետ:
Իհարկե, հասկանալի է, որ այս քայլով իշխանությունները ական են տեղադրում, ընդհանրապես, իրավունքի պաշտպանների ամբողջ գործունեության և ամբողջ գաղափարախոսության հիմքում:
Հասկանալի է, որ փաստաբանների զգալի մասը փորձելու է ստվերային պայմանավորվածությունների գնալ պաշտպանյալների հետ՝ հավանաբար կանխիկ գումարի դիմաց, կամ էլ կկնքեն ավելի փոքր գումարներով: Իհարկե, հարկահավաքային եռանդ ունեցող իշխանությունները երրորդ անձանց միջոցով, օպերատիվ հետախուզական տարատեսակ մեթոդներով փաստաբանների այդ ստվերային գործարքները ֆիքսելու և նրանց տուգանելու քայլեր կանեն, բայց փորձառու փաստաբանները ցանկացած դատարանում պարզապես հաղթելու են, և արդյունքում ոչ հարկ են վճարվելու, ոչ էլ տուգանքներ։
Մտահոգիչ է նաև պաշտպանի գրասենյակին հասցվող անուղղակի, անխուսափելի մուլտիպլիկացի վնասը։
Բան այն է, որ հետզհետ էլ ավելի աղքատացող բնակչությունն ունի իր իրավունքները անվճար հիմունքներով պաշտպանելու հնարավորություն։ Դա փաստաբանական պալատին կից գործող հանրային պաշտպանի ինստիտուտն է:
Պատկերացրեք, եթե փաստաբանական ծառայությունների գները շեշտակի աճում են, փաստաբանների ծառայություններից օգտվելու հնարավորությունները դառնում են ավելի թանկ, ապա որքան է ծանրաբեռնվելու հանրային պաշտպանի գրասենյակը:
Արդյունքում քաղաքացիները պարզապես զրկվելու են սահմանադրական իրավունքներից, իրավունքների պաշտպանությունից, և այդ պաշտպանությունը դառնալու է ավելի թանկ։ Կարծում եմ՝ կառավարության այդ ոլորտում մեթոդ, մեթոդաբանություն գրող, հորինող կամ մոգոնողները շատ արագ կանգնելու են կոտրած տաշտի առջև։
Լինելու է հարկային մուտքերի ահռելի նվազում: Եթե հաշվի առնենք նաև 2024 թվականի կեսերից հնարավոր տնտեսական ճգնաժամի հավանականությունը, կարծում եմ, երկիրը ունենալու է լրջագույն խնդիրներ պետական բյուջե հարկային մուտքերի ապահովման իմաստով:
Հրայր Կամենդատյան, տնտեսագետ