«Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի փողոցն անցնելը վաղվանից դառնում է խնդիր, եթե հանկարծ անասուն էլ անցնի, հետեւից գնալ չկա։ Թուրք գեներալն իր բերանով հստակ ասաց՝ մեր սահմանապահները գիտեն՝ ոնց անեն, որ երկրորդ անգամ անասուն չմտնի ադրբեջանական տարածք»․ հունվարի 4-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ հանդիպմանն ասել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
Գորիսի քաղաքապետն էլ նկատել է, որ հունվարի 8-ից անասնապահության եւ արոտավայրերի հետ կապված խնդիր է առաջանալու: Նա բնակիչներին հորդորել է զգոն լինել։ Շուռնուխի բնակիչներից մեկն իրավիճակից ելք է առաջարկել՝ փշալարեր տեղադրել, որպեսզի անասունները սահմանը չհատեն։
Առուշ Առուշանյանն անդրադարձել է նաև անասնակերի խնդրին. «Ինչքան էլ Կառավարություն չունենք, մի մտածեք, որ այս բեռը կթողենք ձեր ուսերին։ Ինչքան էլ կառավարություն չունենք, հո մենք մեռա՞ծ չենք»։