Գրող, արձակագիր Նելլի Շահնազարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում մի շարք ուշագրավ մանրամասներ է ներկայացրել իր նախկին համագյուղացու՝ Ադրբեջանի կողմից սահմանագծման հարցերով հանձնաժողովի նախագահն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մասին, որը ծնվել է Նոյեմբերյանի Ջուջևան գյուղում, ոսկե մեդալով ավարտել է Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցը: Նելլի Շահնազարյանը նաև մեջբերումներ է արել Հայաստանի վերաբերյալ Մուստաֆաևի գրած շարադրությունից:
«Շահին Մուստաֆաևի հայրը 12 տարեկանից ապրել է մեր գյուղում, հովիվ է եղել: Ես հիշում եմ, որ, երբ ուզում էր ամուսնանալ, հայերն աղջիկ չէին տալիս, հետո գնում էր, որ Ղազախից աղջիկ բերի, այնտեղ էլ ասում էին՝ կյանքի կեսն ապրել է Հայաստանում, հայ է դարձել, և այնտեղ էլ աղջիկ չէին տալիս: Ի վերջո, Ղազախից 16-ամյա մի աղջիկ բերեց՝ Մահիզար անունով, մեր գյուղում ամուսնացան: Հայերը օգնեցին՝ տուն կառուցեցին: Ունեցան երեք աղջիկ և մեկ տղա: Աղջիկները ոչ մի անգամ Հայաստան բառը մեծատառով չէին գրում, իսկ Շահենը, որը հետո Շահին դարձավ, սովորում էր գերազանց: Հրաշալի տիրապետում է հայոց պատմությանը, կարդացել է հայկական բոլոր պատմավեպերը: 8-ամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Նոյեմբերյանի համար 2 դպրոցում, հետո սովորել է Երևանի տնտեսագիտական համալսարանում, կարծեմ՝ մինչև երրորդ կուրսը: Նույնիսկ, ղարաբաղյան շարժման տարիներին ելույթ է ունեցել հրապարակում, որ՝ Արցախը Հայաստանինն է»,- նշել է արձակագիրը:
Նելլի Շահնազարյանը մեջբերել է Շահին Մուստաֆաևի՝ դպրոցական տարիներին գրած շարադրության մի հատված. ««Հայաստանի մի բուռ հողը կոխոտվել է հազարավոր սմբակների տակ, այդ հողը կտրել անցել են տասնյակ մրրկարշավ ցեղեր, հայրենիքիս յուրաքանչյուր թիզ հողը ողողված է անմեղ մանուկների, ծերերի արյամբ, բայց հայ ժողովուրդն ամեն անգամ նվաճողներին դեմ է տալիս իր կուռ վահանը, պաշտպանվում, կենաց ու մահու պայքար է մղում և, ի վերջո, հաղթանակում․․․»։
«Չշարունակեմ, այսքանն էլ բավարար է: Հայաստանը համարել է իր հայրենիքը, իր ծննդավայրը, Հայաստանը հրաշալի գիտի, գիտի հայոց պատմությունը, շատ լավ գիտի, թե ումն է Արցախը, շատ լավ գիտի՝ այն սահմանները, որ հիմա ներխուժել են, Հայաստանինն է: Ես հիմա շատ կուզենայի դիմացը կանգնել, նայել աչքերի մեջ և ասել՝ Շահեն, բայց չէ՞ որ դու ես ժամանակին ասել, որ հայրենիքդ կոխոտել են վայրի ցեղերը՝ իրենց նժույգները հեծած, բայց կուռ վահան են դառնում և միևնույն է՝ պայքարում են և հաղթանակում. հաղթանակելու ենք էլի:
Իրենք հասկանալի պատճառով են հենց Շահենին ղեկավար դարձրել: Մոսկվայի բոլոր հանդիպումների ժամանակ ես անհանգիստ էի, ասում էի՝ տեսնես գոնե գիտե՞ն, որ նա հայերենին հրաշալի տիրապետում է, գուցե Հայաստանի փոխվարչապետը և պատվիրակության մյուս անդամներն իրար հետ գաղտնի կարծիքներ են փոխանակում, նա շատ լավ հասկանում է՝ ինչ են խոսում, գոնե գիտե՞ն, որ նա հայերենին այդքան լավ տիրապետում է և Հայաստան աշխարհը 5 մատի պես գիտի»:
Մանրամասները դիտեք 168TV-ի տեսանյութում։