Ալիևը այդ պուրակով փորձում է 2 խնդիր լուծել. առաջինը՝ իր հանրության ներսում, երկրորդը՝ մեր հանրության շրջանակներում: Նա պետք է փորձի ամեն կերպ արդարացնել ահռելի ծախսերը և կորուստները՝ ցույց տալով, որ ադրբեջանական կողմը հաղթող է այս պատերազմում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Բաքվում կառուցված պուրակին:
«Ալիևը պետք է ցույց տա իր հասարակությանը, որ հաղթել են պատերազմում, որպեսզի հանրությունը ավելորդ հարցեր չտա՝ ինչու հաղթանակը մնաց կիսատ, ինչու չստացան վերջնական հոգեբանական և նյութական բավարարվածություն՝ տալով տասնյակ հազարավոր զոհեր և ֆինանսական ահռելի ծախսեր: Նա փորձում է լռեցնել պատերազմի հետևանքով առաջացած բողոքները»,- ասաց Էլիբեգովան:
Էլիբեգովան նշեց՝ այս քայլը միտված էր, որպեսզի մեր հանրության շրջանակներում լինի հոգեբանական ճնշում և ընկճվածություն, բայց պետք չէ տրվել այդ մոլորություններին: Նա նաև ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից մյուս խոշտանգումները ևս մնացել են անարձագանք, այս պուրակը ևս կմնա անարձագանք միջազգային հանրության կողմից:
«2-րդ խնդիրը նա լուծում է մեր հանրության դիսկուրսում և նա նման կերպ մեր հասարակության վրա կարողանում է ճնշում գործադրել և քարոզչություն իրականացնել, որպեսզի կարողանա կոտրել մեզ և նվաստացնել: Այդ պուրակը տոկոսային հարաբերակցությամբ ոչինչ է այն ամենի ֆոնին, ինչ արել է Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ, բայց այդ ամենը մնաց անարձագանք, իսկ միջազգային հանրությունը ինչպես եղել է անհաղորդ, այդպես էլ մնում է: Ադրբեջանն էլ խորապես թքած ունի, թե ինչ է կարծում միջազգային հանրությունը»,- նշեց նա:
Նա նաև հավելեց՝ սա պուրակի վերջնական տեսքը չէ և հետագայում այն ավելի է զարգանալու և ընդլայնվելու: «Իրենք բոլոր դպրոցականներին տանելու են այդ պուրակ և այդ ոգով դաստիրակեն իրենց սերունդներին: Սա պուրակի վերջնական տեսքը չէ, նրանք սարքելու են դա բացօթյա թանգարան, նոր նմուշներ են բերելու ու շարունակելու են իրենց հայատյաց ռազմավարությունը և այդ ֆոնին խոսել, որ կարող ենք համակեցություն ունենալ, անհնար է»,- հավելես նա:
Փորձագետը նաև նշեց, որ կան գործիչներ, որոնք դեռ շարունակում են խոսել թուրք-ադրբեջանական բարեկամական կապի մասին, ինչը փաստացի անհնար է գոնե մոտակա տասնամյակների համատեքստում: Նա իր խոսքում մեկնաբանեց նաև գործող իշխանության քայլերը այս պուրակի բացման հետ կապված:
«Թուրքական շահերը սպասարկող խմբակը ասում է՝ կարող ենք խաղաղ գոյատևել Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Մեր գործող իշխանությունը ամիսներ շարունակ ասում էր՝ եկեք մի կողմ դնենք զոհերին, գերիներին, անհայտ կորած զինծառայողներին, բայրաքթարներին և խոշտանգումներն այս ազգի նկատմամբ ու սկսենք առևտուր անել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, եթե անգամ դատապարտի նման գործողությունները, մեզ դրանից ոչինչ: Մարդիկ կոնկրետ թուրք-ադրբեջանական շահն են սպասարկում մեր հասարակության մեջ»,- ասաց նա:
Tert.am