Վերջին պատերազմի պարտության պատճառներից մեկն այն է, որ բանակն իր թիկունքն ամուր չզգաց։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Այնտեղ, որտեղ բանակը եւ ժողովուրդը միասին են, նրանք անպարտելի են։ Բանակի համար մենք ամուր թիկունք չկարողացանք ապահովել։ Հայոց պատմության ընթացքում կարմիր թելի նման անցել եւ մեզ է փոխանցվել այն սկզբունքը, որ հայ ժողովուրդը վտանգի պահին միշտ միասնական է եղել։ Այս իշխանությունների օրոք այդ գաղափարը ջախջախվեց։ Իշխանությունների ոչ գրագետ գործողությունների արդյունքում մենք չկարողացանք մոբիլիզացնել բոլոր ուժերը, որպեսզի թիկունք կանգնենք բանակին եւ կարողանանք մեր հաղթական ելքն ապահովենք»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Ըստ Սեյրան Օհանյանի՝ 30 տարիների ընթացքում Հայաստանը բավականին ձեռքբերումներ է ունեցել, եղել են նաեւ թերություններ. «2018 թվականից այս կողմ այս իշխանությունների անգրագետ ղեկավարման արդյունքում այդ բոլոր արժեքները ոչնչացվեցին եւ ոտնահարվեցին, իսկ թերությունները բազմապատկվեցին, այն պատճառովներով, որոնք ընդդիմություն եղած ժամանակ իրենք քննադատում էին։ Մեր մտահոգությունները, ոչ թե միայն նրանում են, որ մենք պարտություն կրեցինք, այլ որ ճիշտ ղեկավարում չկա այսօրվա իշխանության կողմից։
Ոչ ճիշտ ղեկավարման արդյունքում մենք ունեցանք պատերազմ, ոչ ճիշտ ղեկավարման ընթացքում ունեցանք պարտություն, պատերազմի ընթացքում այդ պարտությունը խրախուսեցինք, դատական իշխանության կողմից օրինականություն չհաստատեցինք, եւ այդ պարտությունները շարունակվում են»,- ասաց Սերյան Օհանյանը՝ հավելելով, որ, ըստ իր տվյալների, նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությունից հետո մեր իշխանությունը բանավոր ցուցումներ է տվել Կուբաթլու եւ Զանգելան. «Այսինքն՝ Սյունիքի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներից հեռացրել է զորքերը՝ առանց որեւէ սահմանազատման»,- նշեց Օհանյանը։
Դիտեք նաև՝