Նիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժանմանակ։
Լրագրողները միաժամանակ հետաքրքրվեցին՝ արդյոք Հակարիի կամրջից գերեվարված Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցումներ արվե՞լ են Ադրբեջանին։
«Այո՛, մեր մարմինները տեղեկություններ են հավաքում, և այս պահին հրապարակային տեղեկությունից ավել տեղեկություն չեմ կարող հայտնել»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նկատեց՝ կարևոր են համարում, որ Տավուշում՝ մինչև «Իջևան» երկաթուղային կայարանը ներառյալ, վերականգնման աշխատանքներ իրականացվեն, ինչպես նաև վերականգնման աշխատանքներ իրականացվեն Նախիջևանի սահմանից մինչև Երասխ։
Նա հույս հայտնեց, որ ռուս գործընկերները հնարավորինս արագ կիրականացնեն այդ աշխատանքները։
«Հիմա մենք «TRIPP» նախագծի շրջանակն ենք ձևակերպում, ինչպես նախատեսված է Վաշինգտոնի հռչակագրով, այսինքն՝ հայ-ամերիկյան հուշագիր կամ ռազմավարական շրջանակը նկարագրող փաստաթուղթ ենք նախապատրաստում, որը երկու կողմերը պետք է ընդունեն։
Գետնի վրա աշխատանքները կտեսնենք արդեն 2026 թվականի երկրորդ կեսին, և ենթադրում եմ, որ երկաթուղին կլինի առաջին նախագիծը։ Չնայած չեմ բացառում, որ կարող է պարզվել, որ գազամուղի կամ նավթամուղի նախագծերը ավելի վաղ են իրականացվում, քան նախատեսված է։ Ես ոչ մի բան չեմ ակնարկում, պրոցեսը դինամիկ է»,- ասաց Փաշինյանը։





