Հիշո՞ւմ եք, թե 2018-ին ինչ կարգախոսներով է ընտրություններին մասնակցել Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն. 2021-ին էլի նույն կարգախոսները, նաև Ղարաբաղը պահելու անսասան մտադրություն, Շուշիի և Հադրութի դեօկուպացիա։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հիմա ես կուզեի ձեզ հետ մոդելավորել, թե Նիկոլ Փաշինյանը գալիք ընտրություններում ինչ թեզերով պետք է մասնակցի։ Ժողովրդավարությունից դո՞ւ պետք է խոսես՝ երկու սրբազան և Սամվել Կարապետյանին բանտում պահելո՞վ։ Ի՞նչ ժողովրդավարություն։ Քանի՞ համայնքապետի է կալանավորել; Սոցիալական արդարության մասով՝ ինքը աղքատության մակարդակն ընդունել է 24 տոկոսով, հիմա էլ 24 տոկոսի վրա է։
Կոռուպցիայի մասին չեմ խոսում, ինքն այսօր Հայաստանում կոռուպցիայի պարագլուխն է։ Հայաստանի պատմության մեջ ԱՆԻՖ-ի պես 65 մլն դոլարի ոչնչացում չի եղել։ Կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամից 100 միլիոնը գոլորշիանում է հանկարծ։ Ես այդ ժամանակ հոգաբարձուների խորհրդի անդամ էի, պահանջեցի հաշվետվություն։ Պատասխանը հետևյալն էր՝ պետք էր, ծախսել ենք։
Հիմա մնում է մեկ կարգախոս՝ խաղաղությունը։ Մենք էլ պետք է ցույց տանք, որ սնանկ է այդ կարգախոսը, որ սա զինադադար է, ոչ թե խաղաղություն և զինադադար է՝ մեկ մարդու տրամադրությունից կախված։
Եթե չլիներ այս ամենը, ինչը կատարվեց, ընդդիմությունը կարող էր ասել, որ գալիք ընտրությունների համար Նիկոլ Փաշինյանը գանձ է, որովհետև էս մարդն ասելիք չունի»,-ասաց նա։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, եթե 2026-ի ընտրություններում ինքը պարտվի, կհեռանա՞ քաղաքականությունից, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.
«Ես կընախընտրեի «եթե»-ներով չխոսենք այս հարցում։ Իմ տպավորությամբ, և այն սոցիոլոգիան, որ այսօր կա, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի, եթե սխալներ չգործենք»։




