Մամուլի հաղորդագրություն
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտի հայաստանյան պրեմիերան, մենակատար՝ Նարեկ Հախնազարյան։
Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտի համաշխարհային պրեմիերան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարել է 2018 թվականին Գերմանիայում՝ Էլբֆիլհարմոնիայում։ Կոնցերտն Էլբֆիլհարմոնիայում ընդունվել է մեծ հաջողությամբ։
Կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը նշել է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մշտապես ներկայացնում է ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ «Մեր համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ շատ ներդաշնակ է։ Այն ամբողջովին ըմբռնում է իմ գեղագիտական պատկերացումները, ինչը շատ կարևոր է։ Նվագախումբը միշտ պատրաստակամությամբ է անդրադառնում իմ ստեղծագործություններին»,- ասել է Հայրապետյանը։
Կոմպոզիտորն իր Թավջութակի չորրորդ կոնցերտը գրել է 2017թ. և նվիրել է այն Նարեկ Հախնազարյանին։ «Գրել մենակատարի համար՝ նշանակում է պատկերել նրա երաժշտական դիմանկարը, պատկերացնել երաժշտին բեմի վրա, նրա շարժումները, թափանցել նրա զգացումների տրամաբանության մեջ»,- նշել է Էդուարդ Հայրապետյանը:
Հունիսի 30-ի համերգային երեկոյի ընթացքում կներկայացվեն նաև հատվածներ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից։
Համերգը կղեկավարի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նախորդ տարիների հաղթող, դիրիժոր Ջուն Սան Պարկը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ