Անկարայի Սինջան շրջանի Յենիքենթ թաղամասի «Զիր հովիտ» կոչվող վայրում գտնվող նախկին հայաբնակ հայտնի Սթանոզ գյուղի գերեզմանատունը ևս 1 անգամ ավերվել է գանձագողերի կողմից։
Անկարայի կենտրոնից 30 կմ հեռավորության վրա գտնվող գերեզմանատան տարածքը, որը պետության կողմից 2-րդ աստիճանի պահպանվող տարածք է հայտարարված, առաջին անգամը չի թալանվում ու ավերվում։ Տարածքի մի մասն էլ տեղացիները պիկնիկններ անելու համար են օգտագործում։ Տարիներ առաջ գերեզմանոցի տարածքը պահպանելու նպատակով Սինջանի քաղաքապետարանի կողմից անցկացված փշալարերն էլ պոկել են հովտում կառուցված առանձնատների տերերը և գերեզմանոցից խլել «իրենց բաժին» հողը։ Սոցցանցերում բազմիցս տարածվել է քարուքանդ արված գերեզմանների նկարները, դեպքերի մասին գրվել է լրատվամիջոցներում, սակայն ոչինչ չի ձեռնարկվել դրանք պահպանելու ուղղությամբ։ Արդյունքում տեղում մնացել է ընդամենը մի քանի գերեզմանաքար՝ հայկական գրություններով ու խաչերի քանդակներով։
Թեմայի վերաբերյալ «Mezopotamya» գործակալությունը զրուցել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Ժողովուրդների և կրոնների հանձնաժողովի անդամ ազգությամբ հայ Մուրադ Մըհչըի հետ։
Մըհչըն պատմել է, որ ավերված գերեզմանոցի համար նախկինում բազմիցս կոչով դիմել է պատկան մարմիններին, նրանցից խոստումներ ստացել, սակայն այս ամենով հանդերձ ոչ մի միջոց չի ձեռնարկվել այն պահպանելու ուղղությամբ։ Մըհչըի խոսքով իշխանությունները միտումնավոր կերպով աչք են փակում հայկական գերեզմանոցի թալանի ու ավերի վրա, քանի որ դրա ամբողջական վերացումից հնարավորություն կստանան ներկայում «պահպանվող» տարածքը այլ նպատակով շահագործել։
«Նորմալ է, որ ամեն տեղ հայկական գերեզմանոց կա, սակայն տեսնում ենք, որ Թուրքիայի բազմաթիվ վայրերում հայերի գերեզմաններն այնպես են կողոպտել ու ավերել, կարծես թե այդ տեղերում գերեզմանոց չի էլ եղել ու հայեր էլ չեն ապրել»,-պատմել է թուրքահայ գործիչը։
Ermenihaber.am