Մի քանի դիտարկում Բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական Խորհրդի նախագահի հայտարարության վերաբերյալ

14

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աննա Կարապետյանը ներկակայացնում է բրյուսելյան հանդիպման արդյունքը։
Ենթավերնագրերի բաժանելով հայտարարությունը` եվրոպական կողմը հստակ սահմանում է քննարկվող օրակարգն ու ցույց տալիս իր ակտիվ միջնորդությամբ հստակ պայմանավորվածությունների առկայությունը: Ավելին, ի տարբերություն նախորդ երկու հայտարարությունների, ՌԴ միջնորդությամբ որևէ հանդիպում ու պայմանավորվածություն չի հիշատակվում` անգամ նոյեմբերի 10-ի հայտարարությունը: Նշվում են միայն ԵՄ միջնորդությամբ նախորդ երկու հանդիպումները:
ԵՄ ներկայացուցիչը քննարկել է «ԵՄ հարաբերությունները երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի հետ»: Այստեղ և´ Թուրքիան է, և´ Իրանը, և´ ռուսական շահերը: ԵՄ-ն անկեղծացել է, նախորդ երկու հայտարարություններում լայն տարածաշրջանը չէր հիշատակվում:
Ուշագրավ է, որ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ հանձնաժողովի նիստը կայանալու է միջպետական սահմանին, ոչ թե երրորդ երկրում: Այսինքն` միջնորդի հարցում հակասություններն ու սրությունը հաղթահարված չեն:
ԵՄ հայտարարության մեջ արդեն բաց տեքստով հիշատակվում ու առանձնացվում է Նախիջևանը Ադրբեջանին կապող «տրանզիտի» հարցը և ասվում է, որ ղեկավարները համաձայնության են եկել սկզբունքների շուրջ: Կարծես թե Ադրբեջանն ու Թուրքիան միջանցքի պահանջներից հետ չեն կանգնել հրապարակայնորեն, ի՞նչ սկզբունքների է համաձայնվել Փաշինյանը:
Խաղաղության պայմանագրի մասում ընդգծվում է, որ այն պետք է կարգավորի Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունները: Չլուծված հակամարտությունն ընդհանրապես չի հիշատակվում, փոխարենը Փաշինյանի «իջեցրած նշաձողն» է ամրագրվում` Շառլ Միշելը ընդգծում է ՂԱՐԱԲԱՂԻ ԷԹՆԻԿ ՀԱՅ ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ իրավունքների ու անվտանգության հարցերը հաշվի առնելու անհրաժեշտությունը:
Ոչ մի խոսք չկա ինքնորոշման իրավունքի մասին: Ոչ թե կողմերն են քննարկել Արցախին առնչվող որևէ հարց, այլ Շառլ Միշելն է կոչ արել: Բառակազմն էլ փոխվել է` արդեն նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլ ուղղակի Ղարաբաղ:
Լրիվ անհասկանալի է հաղորդակցությունների հարցում պայմանավորվածություններն ինչ են իրենցից ներկայացնում:
Անհասկանալի է, թե ինչ սկզբունքներ, ինչ քարտեզներ են դրվել դելիմիտացիայի գործընթացի հիմքում և, ի վերջո, անկլավների հարցին ինչ անդրադարձ է կատարվել:
Ակնհայտ է բոլոր ուղղություններով առաջընթաց ցույց տալու շտապողականությունն ու բոլոր գործընթացներն իր հովանու ներքո հավաքելու ԵՄ ձգտումը:
Նույնիսկ հումանիտար հարցում, եթե նախորդ երկու հայտարարություններում առաջին հերթին խոսվում էր գերիների վերադարձի մասին, այժմ հպանցիկ է հիշատակվում և առաջին հերթին նշվում է Ադրբեջանի պահանջ ականազերծումը, հետո միայն գերիների ու անհետ կորածների հարցերը: