Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Վաշինգտոնում պետք է հանդիպեին ընթացիկ շաբաթվա վերջերին։ Սակայն ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով բանակցությունները հետաձգվել են. հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների քննարկումների հերթական փուլը, որը նախատեսված էր հունիսի 12-ին Վաշինգտոնում, հետաձգվել է Բաքվի խնդրանքով։
Ինչպես նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը։ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ ուղղակի երկխոսությունը չլուծված խնդիրների լուծման բանալին է: «Մենք կարծում ենք, որ համաձայնությունը հասանելի է»,- ասել է ամերիկացի դիվանագետը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վաշինգտոնում վերջին բանակցությունները տեղի են ունեցել մայիսի 1-4-ը։ Միրզոյանն ու Բայրամովը երկու անգամ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։