Մեկ բան հստակ է. գերիների վերադարձի հարցը պետք է լինի ՀՀ իշխանությունների ամենօրյա դիվանագիտական օրակարգում՝ որպես առաջնահերթություն։ Ընդ որում՝ Ադրբեջանի հետ բանակցություններում այս հարցը պետք է հստակ դրված լինի, այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։
«Ավելին ասեմ՝ գերիների հարցը պետք է լինի այսպես կոչված խաղաղության համաձայնագրի կետերից մեկը, որ նրանք պետք է ազատ արձակվեն, ընդ որում՝ ոչ թե համաձայնագիրը կնքելուց հետո, այլ որպես հստակ նախապայման համաձայնագիր կնքելու համար։ Այլապես հնարավոր չէ քննարկել, թե ինչպես պետք է խաղաղության համաձայնագիր կնքվի, եթե այնտեղ գերիները վրեժխնդիր կերպով դատապարտվում են, և այդ դատավարությունը կիրառվում է որպես գործիք՝ խաղաղությունը տորպեդահարելու կամ Հայաստանին ինչ-ինչ հանցագործությունների մեջ մեղադրելու համար»,- ասաց Բեգլարյանը։
Քննարկմանը ներկա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն էլ կարևորեց Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների կողմից դատավարությունների նկատմամբ վերահսկողությունը՝ շեշտելով, որ դա թույլ կտա հասկանալու, թե ինչ է կատարվում դատարանների դահլիճում։
«Մենք, ըստ էության, միայն ադրբեջանական իշխանությունների կողմից ծաղկաքաղ արված ինֆորմացիա ենք ստանում, և դա Հայաստանի և հայ հասարակության դեմ վարվող տեղեկատվական պատերազմի տարրերից մեկն է»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները չպետք է իրենց անգործությունը քողարկեն «Մի՛ վնասիր» կարգախոսի ներքո, այն է՝ գերիներին իբր չվնասելու համար դատապարտող հայտարարություններ կամ գործողություններ առհասարակ չկատարեն։
Արտակ Բեգլարյանը միաժամանկ համոզմունք հայտնեց՝ միջազգային մեկուսացման արարով Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա է նախապատրաստում, քանի որ մարսել է նախորդ բոլոր հանցագործությունները։
«Իրենք հայատյացությունը նոր մակարդակի են հասցնում և փորձում են միջազգային մեկուսացման տանել իրենց երկիը, որպեսզի կողմնակի աչքեր և ականջներ Ադրբեջանում չլինեն։ Այստեղ անելիք ունեն հատկապես ՀՀ իշխանությունները՝ բարձրացնելու Ադրբեջանի հանդեպ ճնշումը՝ կանխելու Բաքվի հետագա հանցագործությունները»,- ասաց նա։
Անդրադառնալով Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի փակմանը՝ բանախոսները շեշտեցին՝ հայկական կողմի համար կարևոր է, որ այդ կառույցը շարունակի գործել Ադրբեջանում։ Աննա Մելիքյանը մասնավորապես հույս հայտնեց, որ գրասենյակի փակման սպառնալիքը Բաքվին պետք է ընդամենը նոր սակարկություններ կատարելու համար։
Ամփոփելով՝ Արտակ Բեգլարյանը շեշտեց, որ Ադրբեջանը գիտի՝ ինչ անել, որպեսզի վիժեցնի խաղաղության համաձայանգիրը՝ նախքան դրա կնքումը ստանալով առավելագույնը։
«Այս խաղաղության համաձայնագիրը պետք է պատռվի, մի կողմ նետվի, և պետք է նոր համաձայնագիր մշակվի, որտեղ ներառված կլինեն հակամարտության բոլոր հարցերը»,- ասաց նա։