ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ երեկոյան, ճեպազրույցի ժամանակ շեշտել է.
Անցնող ողջ գիշերը և մինչև հրադադար հայտարարելը մարտերը նույն կերպ ընթանում էին, և հատկապես թեժ էր հարավային ուղղությունը: Ընդհանուր առմամբ, հակառակորդը նույն գործողություններն էր փորձում իրականացնել` իր առաջխաղացումն ապահովել, որը կասեցվում էր ՀՀ ԶՈՒ կողմից:
Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և մինչև կեսօրվա դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և այլ մանր միջոցներ:
Հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են, ուժգնացել են, բայց մեր ԶՈՒ-ն հետ են մղել բոլոր առաջխաղացումները: Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է` չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են, և մեր կողմից պրովոկացիաներին պատասխան տրվել է:
Մինչև հրադադար հայտարարելը Ադրբեջանի ԶՈՒ-ի հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք, և այդ ընթացքում` հրադադարից հետո, մենք այդ խմբերին չեզոքացրել ենք: Ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր: Այս մասին ՊԲ-ն լրացուցիչ հայտարարեց, և հստակ նշվեց, որ պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարը այն հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արդեն արձանագրված լինի:
Հրադադարից հետո, ինչպես արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ նշված էր, ՊԲ տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը ևս օգտագործվում են պրովոկացիաներ անելու նպատակով: Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու դա թույլ է տրվելու միայն, ինչպես հայտարարության մեջ նշված է, Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում: