Վերջին մի քանի օրերի ընթացքում ֆեյսբուքյան տիրույթում քննարկվում է Բերձորի հարցը, և շատ օգտատերեր «իրենց ունեցած լուրերը» հրապարակելով, ասում են, թե Բերձորում այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո, Աղավնոյից հանելու են բնակչությանը, և այն հանձնեն թշնամուն։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանն ասաց, թե չի կարող շրջանառվող լուրերն ու խոսակցությունները լուրջ ընդունել։
«Այս լուրերը գալիս են այլ տեղից, իսկ ես Ալիևին առհասարակ չեմ էլ լսում։ Ճանապարհ է, թող սարքեն, մենք տեղում ենք, ու նրանք մեր կարծիքը գիտեն։
Մեզ համար որևէ բան չի փոխվել, չի էլ փոխվելու։ Եթե հիմա նախապես ինչ-որ հարթակ են ստեղծում, նախապատրաստական ծրագիր են փորձում իրականացնել՝ ապա ասեմ, որ իրենց նպատակին չեն հասնելու։ Ճանապարհը թող կառուցեն ավարտեն, կտեսնենք։ Մենք ոչխար չենք, որ գան ու մեզ քշեն։ Դրա համար բոլոր այդ խոսակցությունները լուրջ չեմ ընդունում։ Մենք մեր օրն ենք ապրում, չենք էլ լսում, թե ինչ են ասում»,- նշեց Անդրանիկ Չաուշյանը։
Ըստ Աղավնոյի գյուղապետի, նույնկերպ են մտածում նաև բնակչության մեծ մասը, և որևէ պարագայում իրենց տունը չեն լքելու։
«Մեր բնակչության մեծ մասը հենց այդպես է մտածում՝ հաստատակամ են, պետք է մնան Աղավնոյում։ Մեզ չեն կարող գումարի դիմաց առաջարկել լքել Աղավնոն, ինչպե՞ս կարղ են առաջարկել»,- հավելեց Անդրանիկ Չաուշյանը՝ անդրադառնալով տարածված այն խոսակցություններին, թե իբր Աղավնոյից դուրս գալու համար նույնիսկ բնակչությանը գումար են առաջարկել։
«Ես վերջերս բարձրաձայնել էի պետական աջակցություն տալու մասին, հարցրել էի՝ ինչ տալիս եք, հատուցո՞ւմ է, թե՞ աջակցություն, ասացին՝ ոչ, աջակցություն է։ Ես էլ ասացի՝ աջակցում եք՝ աջակցեք, ես կորոշեմ, այդ գումարով անասուն առնե՞մ, թե՞ ջերմոց կառուցեմ։ Ինչ-որ 10 մլն պետք է առաջարկեն, ո՞վ է գնահատել իմ տունը մոտ 10 մլն»,- շեշտեց Աղավնոյի գյուղապետը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Բերձորի վիճակն ավելի մտահոգիչ կլինի, եթե չբնակեցվի, դրա մասին պետք է մտածել։
«Եթե նույնիսկ բերձորցիները չգան, թող այլ մարդիկ գան, հայեր։ Թող Քոբուլեթի չգնան, գան, օրինակ, 15 օրով մնան Բերձորում։ Հայրենիքը բոլորի համար է, չէ՞, թող այս ուղղությամբ մտածեն։ Տեսնենք, Աստված բարին կկատարի»,- եզրափակեց Անդրանիկ Չաուշյանը։
Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին հայտարարությունում նշված է «Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի (Քարվաճառի) շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի (Բերձորի) շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Եռակողմ հայտարարության մեջ, ի դեպ, առանձին պարբերությամբ նշված է, թե ում է անցնելու Լաչինի միջանցքի վերահսկողությունը.
«Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:
Աղբյուրը՝ 168.am