Ինչպես գունավոր կրոններն են հուսադրում բոլորին, թե երկիր մոլորակը, աշխարհը, տիեզերքը մի ընդհանուր կեցավայր է՝ հանդարտ գոյանալու, քայլելու և ապա հանգելու համար, կեղծիք է, մարդկային անվարժ շփոթմունք: Այդ գունավոր կրոնները (կուզեք՝ հավատք, կուզեք՝ աղանդ, միևնույն է), որոնց միտումը համաենթակայացումն է և մարդկանց խաշնացումը, ասել է թե գառնուկային բազմություններ կերտել, ծագում է հիմնականում ամերիկյան գլոբալացման տանող ուղեղներում: Հեշտ է հոտի վերածված անուղեղ, գլխահակ բազմությանը ղեկավարելը, հալեցնելն ու մի դրոշի տակ պատրուսելը: Ինչու՞ եմ այս «նաղլ»-ով սկսում, որովհետև նրանք, ովքեր ամերիկյան կամ եվրոպական գունավոր երազանքներով են թռչում՝ թող իրար կապեն «բաց ճանապարհների գաղափար» կոչվածը, որը գերտերությունների բիզնես ցուցումով հետապնդում է անարգել ուղիներ աշխարհով մեկ, ու, հերն անիծած, մի երկու «Հայաստան-մայաստան», հնազանդության դրդող աղանդների բուծում, պետական թափանցիկ թույլատրում, ինչու չէ՝ աթեիստական հոսանքների սրացում (շատ պաշտոնյաներ հենց աթեիստ կամ ագնոստիկ են իրենց համարում): Այսինքն կանոնավոր կազմաքանդում, մի հին պատի դանդաղ քչփորում՝ մինչև ծեփոնն ու տձև քարերը պոկվեն իրարից: Եթե շատերին թվում է, թե հայաստանյան անցուդարձը աշխարհի համար անկարևոր մի ժամանց է, ապա ասեմ, որ պայթյունավտանգ մի քանի օջախներ կան աշխարհում, որոնցից ամենաթարմն ու վիճարկելին այս երկրում է: Իսկ հրապարակի ժամի մոտ նույնիկ հինգհոգանոց գզվռտոցը լուրջ քննարկման թեմա է խոշոր երկրների գաղտնի օրակարգերում: Օրինակելով ամերիկյան, եվրոպական որպես կարթի որդ օգտագործվող խայծերը ուղղված մեզ՝ փոքրիկ ու անհաստատ քրիստոնյաներիս, չի նշանակում, որ արդարացնում եմ կովկասյան անկայուն երկրների վերաբերմունքը մեր հանդեպ: Մասնավորապես ռուսաստանյան իրենց բնորոշ «արջի ախպերությունը» և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների դանդալոշ ներկայությունը կլոր սեղանի շուրջ մեզ համար ժամանակի վատնում է: Բայց, առաջին հերթին վատ վերաբերմունքը մեզնից է սկսվում՝ մեր տձև ու տխեղծ իշխանությունից: Աշխարհն, իհարկե, շատ կուզենար ևս մի քսան տարով երկարաձգել արցախյան խառնարանի եռալը, քանզի այդ պստլիկ հողում են վճռվում գերերկրային շահեկան հարցերը: Թուրանական մեգաեղբայրությունը, որ ամրապնդվում է մուսուլմանական քարկապով (ի տարբերություն քրիստոնյա երկրների շահադիտական ջերմության) դեռևս պիտանի է աշխարհին: Պիտանի է ոչ թե նրա համար, որ որևէ պրոդուկտ է տրամադրում համայն մարդկությանը, ասենք՝ արվեստ, գիտություն և այլն, այլ մեն միայն իր առաքելությամբ է պիտանի, որն է սպանելը: Թուրքը հրահրողն է, սադրողը, սպանողը, հետևաբար՝ հրաման ու գործողություն կատարողը: (Գառանը մորթում է մի հոգի, կեղտոտվում է այդ մեկը, իհարկե, իր բաժին թոքն ու փորոտիքից մի կտոր վերցնելով, իսկ ուտում ու քեֆ են անում լրիվ ուրիշ մարդիկ՝ պատվիրատուները):
Հիմա, ադրբեջանական սադրանքներին ի պատասխան մեր խղճուկ դիվանագիտությունը, որ չկա էլ մեծ հաշվով, նման է ընդամենը մանկական խաբար տալու երևույթին: Դեպքեր կան, որ, բնականաբար, մեղադրելի չէ որևէ պաշտոնյայի անկարողությունը, քանզի այլ հանգամանք ու շահեր կան, բայց դեպքեր էլ կան, երբ պահանջվում է հմտություն, ճկունություն, ուղղակի միտք, որը, ցավոք, չկա: Փորձը ցույց է տալիս, որ ամեն ազգ կամ ժողովուրդ ունի իրեն հատուկ կառավարման տիպը, իսկ մեզ համար, որ պետական գիտակցությունից գերազանցապես զուրկ ենք, հեչ էլ հարիր չէ չմարսվող ժողովրդավարությունը, որ դողացող ձեռքերով սկուտեղին դրած մատուցում են կիսագրագետ թափթփուկները: Կիսագրագետ, այո՛, հենց կիսագրագիտությունն էլ ապականում է շրջակա քաղաքակրթությունը:Մեզ համար ուրիշ կառավարման ձև է պետք, կամ գոնե հանրության հակառակ կենտրոնացում, համընդանուր բարքերի ագիտացիա, վարչապետ պետք է լինի մեկը (ոչ Նիկոլը կամ նիկոլանման չարորակ մեկը), ոչ թե ամեն մի հայ, գաղտնությունը չպետք է թափանցվի ու մտնի էկրանից էկրան, բերանից բերան, պատահական, փողոցից բերված մարդիկ պիտի լքեն կառավարական շենքերն ու առհասարակ իրենց կոստյումները նույնիսկ, դրվածքը պետք է վերանայվի: Այն ընտելացման, համակերպման թեզերը, որ առաջ քաշվեցին արժեքներ խեղող մարդկանց կողմից, սխալ էր, սխալ է ու շարունակվելու է սխալ համարվել՝ դատապարտելի ու ճակատագրական սխալ: Չկա աշխարհում մի հեղափոխություն, որ չարյունի սեփական հանրությանը, և այս վերջինն էլ ապացուցեց իր կարմիր լինելը: Ճիշտ է, սա հեղափոխություն էլ չէր, բայց գոնե սեփական ձեռքով պարան պրկել է ու վիզ կարմրացնել: Գաղտնիք էլ չէ, որ այս իշխանությունը սանիկն է դրսում անհայտ հովանավորությունների, բայց… ընտրվեցին ևս մեկ անգամ: Ընտրվեցին ու հիմա շարունակում են իրենց բութ կառավարումը: Իրացնում են, այն էլ գործնականորեն, հանրությանը կերակրում են իրենց կազմած լրահոսով, չեն կարողանում բանակցել, չեն կարողանում դաշնակից ձեռք բերել, կամ գոնե եղածին նորմալ պահել, անհաղորդ են աշխարհային մնացյալ թոհուբոհին, տնտեսական առումով խակ են՝ անհույս խակ, կարկտահարված խակ: Այս իշխանությունը, մեղմ ասած, երեխային մեծ գնումների ուղարկելու պես մի բան է: Բայց ի՞նչ անել, եթե մի ողջ հանրություն ձեռք է մեկնել այս հիշաչար երիտասարդների խմբին: Երկրում մեծամասնություն է անկիրթ ու դատողությունից զուրկ, գուցեև գրաճանաչ, բայց անգետ շերտը, ու հենց նրանք էլ այս կայենական խմբակին ազատեցին պատժի զայրույթից, նստեցրեց գահին ու ձեռքներըը տվեց ոսկե ձվամաններ, որ թերխաշ ձուն ուտեն ու ճղճղան նոր եռանդով: Սիրելի հանրություն, քրիստոնյա լինել անշուշտ պետք է, բայց երկրորդ ու երրորդ ապտակը, հավատացեք, ստորացուցիչ է: Մեր երկիրը դանդաղ լողում է դեպի ջրվեժ, ու մենք մեր այս ներսի տականք շերտով, տխմար կառավարությամբ ու ինքնահոսի հանձնված առօրյայով (նկատի ունեմ դրսից կառավարվող կազմաքանդիչ երևույթները, որոնց դեմ մեր պես պետությունը հիմա անզոր է) սկելու վտանգի առաջ ենք: Ուշադրություն դարձնել է պետք սեփական դիրքին, տարածքին, գործողությունների շղթային, ռոմանտիկ մտքերը թողնելուն, որոնք ուրիշ պահի են պետք: Մեզ հաշվարկներն ու միանգամից, կտրուկ քայլեր անելն է պակասում: Մեզ պակասում է քաղաքականությունը՝ շոշափելի ու հենարանային քաղաքականությունը, որի միասին միայն խոսում են դատարկապորտներն ու հայանման մի քանիսը:
Կանցնեն ժամանակներ ու փչացած սերունդների, խեղված հասարակության, դատարկված երկրի, մասնատված ու ջլատված հողակտորին կանգնած կլինեն վատ կյանքից ճմրթված դեմքերով մարդիկ, ովքեր նորից կգնան ազատության հրապարակ՝ իբրև թե հարց լուծելու: Հիմիկվա գեղջկական ընտրազանգվածը իր հացեկացը կապահովի մեկ այլ դրոշի տակ: Մեծ հաշվով, հայերը համակերպվող են ու սովոր հուսահատական գլխիկորությանը, ու դա կլինի նորմալ: Իսկ Կայենն ու իր սերունդները, ո՞վ ասաց, որ պետք է արդարանան, և այն էլ իրենց որպես փրկություն ապավինած մանրիկ մարդուկների առաջ: Իրենք Կայենի՝ մարդկությանը նոր շարունակման ավյուն տվողների ցեղն են: Վերջ:
հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ