ՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո) տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին, որում, մասնավորապես, ասվում է․
«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում տեղյակ չեն, թե այստեղ ինչ է կատարվում։
Պատերազմն ընթանում է Շուշիի տակ։ Չգիտեմ՝ ձեզ էդտեղ ինչ են ասում, ո՞նց են ասում, բայց պատերազմը հասել է համարյա Շուշիի պարիսպների տակ։
Թուրքերը չեն կռվում, չեն առճակատում մեզ հետ, ուղղակի հրետանիով աշխատում են, գալիս են, նստում մեր զոհված տղաների դիրքերում։
Սա պանիկա տարածելու համար չեմ ասում, ասում եմ նրա համար, որ մենք ձեր օգնության խիստ կարիքն ունենք, ոչ թե նասկիներով, քաղցրավենիքներով, այլ մեզ հարկավոր է, որ մեր օդը փակեն, եւ մեր հրետանին աշխատի, բացի այդ օգնություն գա առաջին հերթին Հայաստանին զորքով։
Այսօր դա չկա։ Այսինքն ստեղծվում է տպավորություն, որ մենք մենակ ենք մնացել։ Եթե մենակ ենք մնացել, ապա ասեք, որ մենք մենակ ենք մնացել, մեր գլխի ճարը տեսնենք։ Եթե մենք միասնական հայ ժողովուրդ ենք, ուրեմն օգնեք, ժողովուրդ, օգնեք։
Չգիտեմ՝ թե կառավարությանը կասեք, եթե չի լսում, թե ոնց, թե ինչ, բայց օգնեք։
Ես հույս ունեմ, որ դուք կգաք մեզ օգնության…»
168.am-ի հետ զրույցում նա ասել է՝ ժամանակակից զենք է պետք, որ օդը փակեն, և մեր հրետանին կարողանա կրակել, որը չի արվում: – Ես չեմ կարող ասել, թե դա ինչի հետ է կապված: Սա գաղտնիք չի, ամբողջ Ղարաբաղը տեսնում է: Այսօր մեզ վրա անընդհատ վերևից բան են թափում, և դրա պատճառով ոչ մի բան չենք կարողանում անել…»։