Հենց հիմա Արցախի Հանրապետության ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև. միջազգային հանրությանն ուղղված ուղերձում քիչ առաջ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգն իրականում Ադրեբջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է։ Առանց միջնորդների և գործուն երաշխիքներ նման բանակցություններում Արցախի մասնակցությոնը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը։ Այս պայմաններով որևէ նման բանակցությունների Արցախի մասնակցությունը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ընդունում և իրականացում»,- ընդգծեց նա։
Արցախի նախագահի կարծիքով՝ բանակցությունների համար նախ պետք է ապահովվեն բարենպաստ և հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով և կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները։




