Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թվականին, Գորիսում։
Արամ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։ Նա 2006 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, 2019-ի մայիսի 23-ին հրաժարական է ներկայացրել։ Արամ Սիմոնյանը եղել է Հանրապետական կուսակցության անդամ։
Արամ Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։
1961-1972 թվականներին սովորել է Գորիս քաղաքի միջնակարգ դպրոցում։ 1972-1977 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1977-1981 թթ. ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1983 թվականինին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 2000 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 2005 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։
Արամ Սիմոնյանի գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին՝ մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների։ Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ։