Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի դիմումի հիման վրա հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստը:
Կարևոր հայտարարությունները՝ հակիրճ
«Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունում է սեպտեմբերի 14-ին՝ տեղական ժամանակով 20:00-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադար հաստատելու մասին համաձայնությունը և հույս ունի, որ զինադադարը կպահպանվի». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի գծով օգնական Միրոսլավ Յենչա
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքը եռակողմ համաձայնագրերն են, որոնք պետք է իրականացվեն։ Աշխարհաքաղաքական մրցակցությունը կարող է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում միայն խանգարել, կարևորն այժմ կրակի դադարեցումն է». ՄԱԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիչ
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում չկա ռազմական լուծում։ Կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում խթանել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԵԱՀԿ-ի և գործընկերների համակարգման միջոցով». ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Ֆրանսիան կշարունակի աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու գործընթացին». ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ
«Ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բախումները եւ զսպվածություն ցուցաբերել։ Այս գործողությունները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար։ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարող լռել եւ թույլ տալ իրավիճակի վատթարացում». ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ
«Ռազմական ուժի կիրառումը հակասությունների լուծման համար անընդունելի է: Ողջունում ենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի ջանքերը՝ բանակցությունների առաջխաղացմանն աջակցելու ուղղությամբ». ՄԱԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ