Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ ուրբաթ օրը բանակցությունների ժամանակ խնդրել է նրան «օգտագործել իր ազդեցությունը» Ռուսաստանի վրա Ուկրաինայի հարցում, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նախագահի գրասենյակի աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ Մակրոնը Մուհամեդ բին Սալմանին հիշեցրել է, թե «որքան կարևոր է Ուկրաինայի հարցը» ողջ աշխարհի համար՝ ընդգծելով, որ Սաուդյան Արաբիան կարող է «օգտագործել իր ազդեցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի վրա» այն լուծելու համար։ Ելիսեյան պալատում առանձնազրույցի ժամանակ առաջնորդները քննարկել են միջազգային մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ Իրանը, Սիրիան և Լիբանանի ճգնաժամը, ինչպես նաև «երկկողմ հարաբերությունների հեռանկարները»:
Սա Մուհամեդ բին Սալմանի երկրորդ այցն է Փարիզ 2022 թվականի հուլիսից ի վեր։ Նշվում է, որ նա հունիսի 22-ին և 23-ին Փարիզում կմասնակցի «նոր ֆինանսական պակտի մասին» Հյուսիսի և Հարավի երկրների միջև առաջին գագաթնաժողովին։