Անհայտ անձինք հրկիզել են ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի «Արարատ» հայկական գերեզմանատունը. գրում է Fox26news-ը։
Լուրը հայտնում է նաև «Զարթոնք»-ը։
Այս գերեզմանատանը թաղված են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլերյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլք։ Ֆրեզնոյի իշխանությունները չեն բացառել, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջիկա օրվա հետ, որը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին։ Նախնական տվյալներով, ծառերի փոխարինումը կարժենա մոտավորապես 25 հազ․ դոլար։
Հունվարի կեսից հայկական գերեզմանատանն ընդհանուր առմամբ տեղի է ունեցել հրկիզման վեց դեպք: Վերջինը գրանցվել է ապրիլի 12-ի գիշեր, երբ գլխավոր մուտքի մոտ հրկիզվել է ութ ծառ:
Դեպքի վայր են ժամանել Ֆրեզնոյի ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը, սակայն որևէ ձերբակալություն տեղի չի ունեցել:
Գերեզմանատան ամենահին հատվածը ստեղծվել է 1885 թվականին։
Այնտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, որը կարծես հավաքական գերեզման լինի, քանի որ հուշարձանի տակ թաղված են Դեր Զորից, Սիրիայից բերված ոսկորներ։
Fox26news-ը գրել է. «Հաշվի առնելով, որ մոտենում է Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, չի բացառվում, որ սա կարող է լինել ատելության հողի վրա հանցագործություն»։
Ինչպես հայտնում է «Զարթոնք»-ը, այս տարվա հունվարից ի վեր սա վեցերորդ հրկիզումն է գերեզմանատանը, որը հիմնադրվել է 1885 թվականին։ Միջադեպերի հետևանքով 19 նոճի է այրվել։ Վարչակազմը մտահոգված է միջադեպերով, քանի որ դրանք համարում է նպատակային հարձակումներ։
«Ահավոր վրդովեցուցիչ է հայ համայնքի, իմ անձնակազմի և անձնապես ինձ համար: Միակ հայկական գերեզմանատունն է Հայաստանից և Մերձավոր Արևելքից դուրս, մեր առաքելությունն է կարեկցանքով ծառայել հայ ընտանիքներին՝ միևնույն ժամանակ վառ պահելով բոլոր նրանց հիշատակը, ովքեր թաղված են այստեղ», – ասել է «Արարատ» և «Մասիս Արարատ» հայկական գերեզմանատների գործադիր տնօրեն/ադմինիստրատոր Շերի Մենինգ-Քարթրայթը: