Մենք 75 հազար ստորագրություն ենք հավաքել, որպեսզի տրանսպորտի սակագների մեջ ավելանա մի կետ, այն է՝ մեկ ուղևորության հնարավորություն 100 դրամով, լրագրողների հետ զրույցում այսօր նշեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը:
«Ըստ էության՝ հունվար ամսին դուք մոտավորապես այդ պատկերն եք տեսնելու, երբ նրանք հայտարարում են, որ հա՛մ փաթեթը կլինի, հա՛մ 100 դրամը։ Մենք դա էլ առաջարկում ենք, որ լինի այդ 100 դրամի հնարավորությունը։
Մենք արդեն իսկ որպես հանրային ճնշում և որպես հանրային կարծիք՝ բերել ենք ստորագրությունները: Դա ճնշման ձև է, ճնշման լծակ, բնականաբար նաև մեր առաջին նպատակներից էր հենց հանրության հետ, այդ 75 հազարի հետ շփվել»,-նշեց ավագանու անդամը:
Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունները պետք է ի վերջո հասկանան, որ սա միայն իրենց խմբակցության նախագիծը չէ, այլ ժողովրդի նախագիծը, որը «Ազգային առաջընթացը» հնչեցնում է նիստերի ընթացքում։
«Տեսնելով նաև այս հետքայլը, որը տեղի ունեցավ հունվարին՝ կարծում եմ քաղաքապետարանը որոշակի հետևություններ կանի և կհասկանա, որ չի կարելի այդ նախագիծը տապալել»,- նշեց նա:
Հարցին՝ Ավինյանը SMS կստանա՞ Նիկոլ Փաշինյանից, Աբգարյանը պատասխանեց. «Ես հուսով եմ, որ կստանա այդ SMS-ը, որովհետև եթե չստանա, անկեղծ ասած՝ ավելի վատ ՔՊ-ի համար»: