Դա նսեմացնող արարք էր, ամոթալի վախկոտություն, որ իշխանությունը հունվարի 27-ը նախատեսեց որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ այն էլ օրենքի մակարդակով։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Դա պատահական ընտրված օր է, ձևական օր, որը չունի ոչ մի բովանդակություն, ոչ մի հիշողության նշանակություն։ Այդ օրը ընտրվել է պարզապես պաշտոնյաների հարմարության համար, որ նրանք գան, ոչ ոք իրենց ավելորդ հարցեր չտա, ֆորմալ արարողակարգին մասնակցեն ու վերջացնեն դրանով։ Սա կոնկրետ քաղաքական ընտրություն է. դրա համար մենք այսօր պետք է ցույց տանք, որ մեզ համար չափազանց կարևոր է հենց այս օրը»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ հունվարի 27-ը հիշատակի օր սահմանելու նախագիծը մշակողներից մեկը զոհված զինվորի հայր, ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն է, Արման Թաթոյանն ասաց՝ ինքը, հարգանք ունենալով զինվորի սխրանքի հիշատակի առաջ, չի ուզում այդ մասով բան ասել։
«Ես միայն ասում եմ, որ սա ՔՊ-ի իշխանության որոշումն է։ Սա ամոթալի վախկոտություն է, որ արել են»։
Արման Թաթոյանը միաժամանակ շեշտեց՝ իրենք ներկայացրել են քայլեր, որոնք բոլորիս տանում են ապահով խաղաղություն։
«Մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, մեզ պաշտպանելու կարողություն։ Եթե մենք չունեցանք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն, և մեր խաղաղությունը կախված եղավ ուրիշի կամքից, ուրիշի թելադրած պայմաններից, դա խաղաղություն չէ, վտանգավոր ինքնախաբեություն է մեր ապագայի համար։ Որևէ բան նշանակություն չունի, եթե դու չունես անվտանգություն»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս իշխանությունների օրոք հնարավոր չէ ապահովել ապահով խաղաղություն։
Թաթոյանը հավաստիացրեց՝ երբ իրենք գան իշխանությանը, օրենսդրությունն այնպես կամրագրեն, որ բանակի ֆինանսավորումը ՀՆԱ-ի 8 տոկոսից ցածր չլինի։
«Սա նշանակում է, որ մեր պաշտոնավարմանը հաջորդող տարվա բյուջեով մեկ մլրդ դոլարից ավել է լինելու պաշտպանական բյուջեն, քան այսօր կա։ Երկրորդը, մեր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին, այո, մենք արդեն խոսում ենք ռազմական հավասարակշռության մասին։
Էդ որ ասում են՝ էս մեկը մեզնից ուժեղ է, այն մեկը ուժեղ, այսինքն՝ չհասկացա, որևէ մեկը կարող է ասել, որ մենք ուժեղ չպետք է լինե՞նք։ Բա եթե չպետք է ուժեղ լինենք և պետք է անընդհատ հույս ունենաք, որ այս մեկի բարի կամքից է կախված, ո՞նց քծնենք, ինչ անենք, որ մեզ թույլ տա ներքին քաղաքական հարցերում խաղաղությունից խոսենք։ Բայց իրականում չկա դա, պատրանքային վտանգն է թևածում։
Այո, մենք պետք է լինենք ուժեղ, պետք է կարողանանք ձեռք բերել կարողություն ինքներս մեզ պաշտպանելու։
Դա միայն սպառազինությունը չէ, դա ռազմարդյունաբերությունն է։ Մենք հայտարարել ենք, որ ռազմարդյունաբերական համալիրը պետք է լինի տնտեսության ճյուղ, մենք պետք է ժամանակակից տեխնոլոգիաներով շարժվենք,- ասաց Թաթոյանը։
Նա նաև նշեց, որ իրենք հրապարակելու են 44-օրյա պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ չհրապարակի՝ դրանով իսկ փորձելով կոծկել իր ձախողումները։





