«Հայտարարվել էր, որ եկել էր հարց ու պատասխանի, բայց պարզ է, որ իրականում դա չէր հետաքրքիր նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին: Ենթադրելի է, որ եկել էր տրամադրություն ստուգելու: Իմ անձնական կարծիքով՝ գուցե փորձում էր տնտղել ռեկտոր դառնալու՝ իր անձնական հեռանկարները»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով երեկ ԵՊՀ գիտխորհրդի նիստին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանի մասնակցությանը:
ԵՊՀ մամուլի խոսնակը նշեց, որ իր համար ակնհայտ է՝ Վահրամ Դումանյանը չի կարողանում կատարել ԿԳՄՍ նախարարի պարտականությունները, ինքն էլ նեղվում է դրանից, և ենթադրելի է, որ փորձում է անկյունում մի տեղ ապահովել իր համար, գուցե քաղաքական իրադարձություններից հեռու:
«Այս անհարմարությունը գալիս է նրանից, որ Վահրամ Դումանյանն առաջ է մղում ոչ իր օրակարգը, գուցե ասում է բաներ, որոնց ինքն էլ չի հավատում: Ավելին, ինքը տարիներ շարունակ որպես հակառակ արժեքների կրող է ներկայացել, մինչդեռ հիմա անում է ճիշտ հակառակը: Նա միշտ խոսել է բուհ-ական ինքնավարության, ակադեմիական ազատության մասին, գիտխորհրդում ունեցել է ընդդիմադիր կեցվածք, իսկ հիմա անում է ճիշտ հակառակը»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը:
Վերջինիս խոսքով՝ երեկ տեղի ունեցած գիտխորհրդի նիստում ավելի ծանր բացահայտումներ եղան:
«Նախարար Դումանյանն ընդունեց, որ ինքը ստախոս է, որովհետև նախկինում ասել էր, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդից հեռացած 11 անդամների ինքնուրույն որոշումն է եղել հեռանալը, սակայն երեկ նա ընդունեց, որ այդ 11 անդամների մոտ նույն տեքստն է եղել, և ասաց՝ համարեք՝ ես եմ ասել, որ գան ու դիմումները գրեն»,- ասաց ԵՊՀ պաշտոնյան:
Գևորգ Էմին-Տերյանի ընկալմամբ՝ ինքը երեկվա գիտխորհրդի նիստից այնպիսի տպավորություն է ստացել, որ Վահրամ Դումանյանը չի կարող դառալ ԵՊՀ ռեկտոր, որովհետև նա արդեն իսկ քայլեր է անում Համալսարանի դեմ:
«Հիմա ԵՊՀ-ն կանգնած է շատ լուրջ իրավաբանական խնդիրների առաջ: Եթե, օրինակ, ռեկտորի ժ/պ-ն ավելի շուտ հեռանա իր դիմումի համաձայն, թեև ասաց, որ մինչև հոգաբարձուների խորհուրդ չլինի, ինքը չի հեռանա, Համալսարանը չի կարողանա Հոգաբարձուների խորհրդում իր անդամներին ձևավորել: Երկու ամիս չձևավորելու դեպքում արդարադատության նախարարը 3 հոգու կամայական նշանակում է հոգաբարձուների խորհրդի անդամներ, և այդ 3 հոգին ընտրում են կառավարչին: Մի այլ նորմ էլ կա, որ, 6 ամիս կառավարման մարմիններ չձևավորելու դեպքում հիմնադրամը կարող է լուծարվել: Այսինքն՝ սրանք դրույթներ են, որ սրի պես կախվել են Համալսարանի գլխին, և կարող է գալ այդ օրը, որ օրենքով Համալսարանը կարող է լուծարվել»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը:
Նա նշեց, որ ԵՊՀ պատմության մեջ, եթե չհաշվենք 1937թ. սև տարին, երբեք այդ արագությամբ ռեկտոր չի փոխվել:
«Համալսարանը չի կարոզ զարգանալ կես տարվա տեսլականով, որովհետև քաղաքական իշխանության և ԵՊՀ-ի, բարձրագույն կրթության և գիտության շահերը հակադիր են: Քաղաքական իշխանությունն ամեն ինչ անում է օրվա արդյունք ունենալու համար»,- ասաց ԵՊՀ մամլո խոսնակը:
Նա նաև հավելեց, որ ԵՊՀ-ում առաջին դեմքի կռիվ չի գնում, որովհետև Համալսարանն այնպիսի մարմին է, որ ով գա, դառնա ռեկտոր, նա համալսարանական է դառնալու, այսպես ասած, «վերամկրտվելու է», բայց խնդիրն այն է, որ այս պրոցեսը շարունակական դառնալու վտանգ կա, ինչը կհանգեցնի գիտության ու կրթության իսպառ ոչնչացման:
Գևորգ Էմին-Տերյանը նշեց, որ թեև Համալսարանը բաց է ու արձագանքում է գրեթե բոլոր իրադարձություններին, բայց կան փակ էջեր, որոնք քչերը գիտեն, և դրանցից մեկը, օրինակ, այն է, թե ինչպես Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:
«Որովհետև Հովհաննես Հովհաննիսյանն Արամ Սիմոնյանին խոստացել էր՝ մեր իշխանության ժամանակ Դուք մնալու եք ռեկտոր: Սա հնարավոր չի՝ շատ մարդ իմանա, սա մի 3 հոգի մարդ գիտի, ես էլ սրա մասին իմացել եմ շատ պատահաբար»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը՝ ներկայացնելով մանրամասները:
Հարցին՝ այսինքն՝ Արամ Սիմոնյանն այս իշխանությունների հետ գործարքի՞ է գնացել, նա պատասխանեց՝ ոչ թե գործարքի, այլ կառուցողական համագործակցության:
Մանրամասները՝ տեսանյութում