Խորհրդարանը մարտի 19-ի արտահերթ նիստում ընդունեց ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ օրենք) և հարակից օրենքները։
Եթե իշխանական շրջանակները սա ներկայացնում են դատաիրավական բարեփոխումների շրջանակներում՝ որպես անհրաժեշտություն, ապա բազմաթիվ մասնագետներ հակադարձում են՝ սա դատավորներին ու դատական համակարգը ճնշելու միտում ունեցող իրավիճակային լուծում է միայն։
Այսօր արդեն տեղեկացանք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. մարտի 22-ին:
ՀՀ նախագահն օրենքը քննարկել է արդարադատության նախարարի, ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահի հետ և ստացել նրանց պարզաբանումները: Օրենքը քննարկվել է նաև ԲԴԽ նախագահի, իրավաբան գիտնականների, փորձագետների և փաստաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լսվել են նրանց նկատառումներն ու մտահոգությունները:
ՀՀ նախագահը մեծապես կարևորում է դատաիրավական ոլորտում բարեփոխումները և գտնում է, որ դրանք պետք է կատարվեն համակարգային ձևով՝ հստակ ռազմավարության հիման վրա՝ ընդհանուր տեսլականի շրջանակում: Այդ տեսլականը և ռազմավարությունը պետք է հիմնված լինեն գործնականում առկա և իսկապես արդիական խնդիրների, փորձագիտական ուսումնասիրությունների և միջազգային փորձի լուրջ վերլուծության վրա, առաջարկեն համակարգային և տրամաբանորեն փոխկապակցված լուծումներ՝ ուղղված դատական համակարգի դերի և գործունեության արդյունավետության բարձրացմանը, արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանը, ինչպես նաև դատավորների անկախության ու անձեռնմխելիության երաշխիքների ամրապնդմանը:
Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում։
Սահմանադրական դատարանը «Mulberry» էլեկտրոնային համակարգով ապրիլի 10-ին ստացել է ՀՀ նախագահի դիմումը՝ դատական օրենսգրքում փոփոխությունների օրենքի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Այս մասին էլ ֆեյսբուքյան իր էջում ավելի ուշ հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
Դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանված է 20-օրյա ժամկետ:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը դրական գնահատեց նախագահի դիրքորոշումը՝ ողջունելով նրա խորհրդակցությունները մասնագետների հետ․
«Աշխարհում ընդունված է, որ բոլոր իշխանական մարմինները խորհրդակցեն փորձագիտական խմբերի հետ։ Ավելին՝ այսպիսի գործող ինստիտուտներ կան, որոնք տալիս են հնարավորությունը ղեկավարներին՝ ընդունել ոչ թե պատահական, այլ բավականին հիմնավորված որոշումներ։ Կարծում եմ՝ դա ավելի ճիշտ է, քան առաջվա՝ կա՛մ չանելը, կա՛մ մտածելը, կա՛մ օրենքի ուժով թողնելը»։
168.am-ի հետ զրույցում իրավապաշտպանը վերահաստատեց հնչող տեսակետները, որ փոփոխություններն իրավիճակային խնդիրներ լուծելու համար են․
«Սա իրավիճակային, այսինքն՝ զուտ այս պահի որոշում է, ինչպես միշտ են անում, թե ինչպես են իրենք տեսնում՝ ձեռնտու դարձնել օրենքը, որ իրենք կարողանան ևս մեկ անգամ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով հասնեն իշխող դերակատարությանը»։
Փաստաբան Արամ Վարդևանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբ ծանոթացել է օրենսդրական փաթեթին, արձագանքել է՝ դա հերթական խայտառակ փաթեթն է, որ որևէ տեսանկյունից դիտարկելով՝ հնարավոր չէր առնչություն տեսնել Սահմանադրության պահանջները պահպանելու հետ։
«Նույնիսկ առաջին հայացքից էլ պարզ էր դառնում, որ այն հակասահմանադրական օրենսդրական փաթեթ է,- ասաց փաստաբանը՝ ներկայացնելով ասվածը փաստող մի քանի օրինակներ։ -Բարձրագույն դատական խորհրդրի սահմանադրական գործառույթներին և լիազորություններին ուղղակի հակասող փաթեթ էր, որովհետև ԲԴԽ-ին վերածում էին պատժիչ գործողություններ կատարող կառույցի, մինչդեռ վերջինս դատավորներին պաշտպանողն է, այլ ոչ թե պատժողը։ Այսինքն՝ երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն էին ունենում ուղիղ դիմել ԲԴԽ-ին, և ԲԴԽ-ն էլ ստիպված դրանք պետք է դիտարկեր և վարույթ հարուցեր, դրանով ԲԴԽ-ի ինստիտուտի դերն ամբողջությամբ խեղվում էր։
Կարծում եմ՝ բոլորին էլ պարզ էր՝ ինչ նպատակ էր հետապնդում և ովքեր էին լինելու նման պատժիչ գործողությունների թիրախները․ բոլոր այն դատավորները, որոնք այս ժամանակահատվածում, չնայած բոլոր ճնշումների, վարչապետի աշխատակազմի անձանց անմիջական մասնակցությունների՝ կարողացել են լինել օբյեկտիվ և անկախ։
Մյուս հանգամանքը՝ առհասարակ միջազգային փորձում ոչ մի երկրում չհանդիպող գաղափարն էր, որ այն գործերով, որոնցով դեռևս դատաքննությունը սկսված չէր, բայց դատարանի վարույթում էին գտնվում, այդ գործերը ԲԴԽ-ն կարողանար վերցնել և փոխանցել այլ դատավորի։ Այսինքն՝ սրանով միջազգային իրավունքում հայտնի և մեր Սահմանադրությամբ ևս երաշխավորված օրենքի հիման վրա ստեղծված դատարանի սկզբունքն առհասարակ ոչնչանում էր»։
Արամ Վարդևանյանը վստահ է՝ վերջինս արվում էր մեկ նպատակով՝ աղմկահարույց գործերով միջամտելու և դատավորներին ըստ նպատակահարմարության փոխելու․
«Օրինակ, երբ Դավիթ Գրիգորյանը իշխանության ցանկությունը չէր կատարել և փոխել էր Երկրորդ նախագահի խափանման միջոցը, դիմել էր ՍԴ, այդ պահին կարողանային իր ձեռքից գործի վարույթը վերցնել, այլ ոչ թե շինծու գործեր սարքեին»։
Նա օբյեկտիվ և տրամաբանական որակեց նախագահի դիրքորոշումը փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու առնչությամբ՝ հավելելով, որ այլ տարբերակը չէր ընկալվի պատշաճ․ «Իսկապես, ՀՀ նախագահի կողմից ՍԴ դիմելով՝ դատավորների անկախության նկատմամբ այս խայտառակ ոտնձգությունը կասեցվեց»։
Ի պատասխան հարցին էլ, թե արդյո՞ք ՍԴ-ն օրենքը հակասահմանադրական կճանաչի, փաստաբանը նկատեց․ «Գիտեք, առնվազն այն, որ այստեղ ԲԴԽ-ի սահմանադրական նպատակներին, էությանն այն աստիճան հակասող գաղափարներ են ներկայացվել, որ շատ դժվար կլինի չճանաչել սա հակասահմանադրական, որովհետև պատկերացրեք մի իրավիճակ, երբ գոյություն ունի պետական իշխանության երեք ճյուղ, Դատական իշխանությունը, որը ներկայացվում է՝ ի դեմս ԲԴԽ-ի, որը դեմ է այս օրենսդրական փաթեթին, սակայն Օրենսդիրը և Գործադիրը պնդում են իրենց դիրքորոշումը։ Այսպես չի լինում իշխանությունների զսպման և հակակշռման մեխանիզմը։ Այս տեսանկյունից էլ շատ կարևոր էր, որ ՀՀ նախագահը միջամտեց պրոցեսին՝ նաև հենց իր ինստիտուտի Սահմանադրական բովանդակությունից ելնելով»։
168.am