Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Քրիստիննե Գրիգորյանին։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Նրա թեկնածությանը «կողմ» է քվեարկել 68, «դեմ»՝ 0 պատգամավոր: Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։
Նոր Մարդու իրավունքների պաշտպանը երդվեց․ «Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»:
Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո՝ նախորդ պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը, փետրվարի 23-ին։
Գրիգորյանը ՄԻՊ է ընտրվել 6 տարի ժամկետով։ Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը և անհամատեղելիության պահանջները: Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Նշենք, որ Գրիգորյանը վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2021 թվականի ապրիլի 6-ին՝ առաջին տեղակալ։
Աշխատանքային գործունեություն
2004- 2009թթ. – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ,
2009 մարտ-հոկտեմբեր – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան,
2009-2011 թթ․ – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով,
2011-2014 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք),
2012-2014 թթ․ – ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով,
2014-2015թթ․ – ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի և կանոնակարգերի բարելավման բաղադրիչ),
2015-2018թթ․ – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ,
2018թ.-2019թթ. – Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր),
2019թ. հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը – ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):