ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկում է վարակիչ հիվանդությունների պատճառով սահմանված կարանտինային ժամանակահատվածում երեխաների՝ մանկապարտեզից բացակայությունը չհաշվարկելու հարցը:
այս մասին հոկտեմբերի 12-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով մանկապարտեզում երեխայի՝ 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում հաստատությունից դուրս մնալուն:
Նրա խոսքով՝ Երևանում տասը հազարից ավելի երեխա սպասում է մանկապարտեզ գնալու իր հերթին: «Նախադպրոցական հաստատությունների տեղերի թիվը բավարար չէ բոլորին ընդունելու համար: Ստեղծվում է իրավիճակ, երբ կան երեխաներ, որոնք ընդգրկված են նախադպրոցական ծառայության մեջ, բայց փաստացի չեն գնում, կան երեխաներ, որոնք չեն կարողանում ընդգրկվել: Այն, որ այստեղ պետք է որոշակի կարգավորում լինի, ինձ համար ակնհայտ է»,-շեշտեց նա:
Անդրեասյանն ասաց, որ տարբեր առաջարկներ են ստացել և այս պահին ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկում են առողջական խնդիրների պատճառով, տարբեր վարակիչ հիվանդությունների ժամանակ, եթե կա կարանտինային ժամանակահատված, որի ընթացքում երեխան ուղղակի չի կարող հաճախել մանկապարտեզ, բացակայության այդ ժամանակահատվածը հաշվի չառնելու հարցը:
«Առողջապահության նախարարությունից արդեն ստացել ենք առաջարկները, թե որ վարակիչ հիվանդությունների պարագայում է կարող այս մոտեցումը գործել, և առաջիկայում այդ փոփոխությունը կարվի, որպեսզի նման խնդիրների պատճառով, հատկապես այդ տարիքում, երբ ձևավորվում է երեխայի իմունիտետը, հաշվի առնենք ընդունելության կարգում»,-ընդգծեց Անդրեասյանը: