ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը 2020 թվականի մայիսի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2019-ի տարեկան հայտարարագիրը։
Ըստ հայտարարագրի՝ Գալստյանը տարեկսկզբում Շիրակի մարզի Մարալիկ համայնքում ունեցել է 9 անշարժ գույք (8 հողամաս եւ 1 նոր կառուցված, բայց դեռեւս պետական գրանցում չստացած շինություն) եւ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում՝ 2 հողամաս։ Տարեվերջում այս անշարժ գույքերը պահպանվել են։
Տարեսկզբում Գալստյանի բանկային հաշվին գումար չի եղել, իսկ տարեվերջում այն դարձել է 670 հազար դրամ։ Ըստ հայտարարագրի՝ նա այլ միջոցներ չունի։
Ստեփան Գալստյանի կինը՝ Նատալյա Գալստյանը 2019-ի սկզբում ունեցել է 20 անշարժ գույք՝ որից 11 հողամաս Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում, 2 հողամաս նույն մարզի Գոմք համայնքում, 1 առանձնատուն Արարատի մարզի Խաչփառ համայնքում, Շիրակի մարզի Մարալիկ համայնքում՝ 3 հողամաս, 2 առանձնատուն եւ 1 հողին ամրակայված անշարժ գույք։ Տարեվերջում այս գույքը պահպանվել է։
Նատալյա Գալստյանը 2019-ի սկզբում ունեցել է «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենա, որը եւս տարեվերջում պահպանվել է։
Նա 2019-ի սկզբում կանխիկ ունեցել է 400 հազար դրամ, ինչը նույնչափ էլ մնացել է տարեվերջում։
Նատալյա Գալստյանը 2019-ին ստացել է 77 հազար 225 դրամի եկամուտ «Նատէներգո 68» ընկերությունից՝ որպես աշխատավարձ։
armtimes.com