Մեկ ամիս առաջ՝ օգոստոստի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն արդեն շուրջ 1 ամիս է Գորիսում է։
Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը «Փաստինֆո»-ին պատմել է, որ 3 օր առաջ աղջկա մարմինը Արցախ տեղափոխելու հարցում որոշակի առաջընթաց էր նկատվել, ադրբեջանական կողմը երկրորդ անգամ թույլատրել էր կազմակերպել Հելենի մարմնի տեղափոխումն Արցախ, սակայն վերջին պահին կրկին արգելել։
«Խաղաղապահ զորքերի նոր հրամանատարի հետ և Արցախի նոր իշխանությունների ջանքերով սառույցը տեղից շարժվել էր, շտապ օգնության մեքենայով Հելենի մարմինն հասցրել էինք անցակետ, սակայն ադրբեջանական կողմն ասաց, որ միայն Կարմիր Խաչի միջոցով կարող ենք իրականացնել տեղափոխումը։ Արդյունքում, էլի սկսվեցին փաստաթղթային հարցերը։
Ադրբեջանական կողմը պահանջում է, որ Կարմիր Խաչը փաստաթղթերում տեղափոխման վերջնակետ մատնանշված լինի ոչ թե Արցախի Հանրապետություն, այլ Ադրբեջանի Հանրապետություն, սակայն հայկական կողմում այս ձևակերպմանը ընդդիմանում են։ Կարմիր Խաչից ես էլ հույս չունեմ, նրանց միջոցով տեղափոխումն անհնարին է»,-ասել է զոհված աղջկա մորեղբայրը։
Սաֆարյանի փոխանցմամբ՝ ակնկալում են, որ այսօր կամ վաղը կհրապարակվի Հելենի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով ՄԻԵԴ-ի որոշումը. «Մեր դիմումը արդեն շուրջ մեկ շաբաթ է դատարանում է, 3-7 օրյա ժամկետում են, սովորաբար, նման հարցերը քննվում և ժամկետն արդեն լրանում է, կարծում եմ պատասխան կունենանք շուտով»։
Հելենի մորեղբոր խոսքով, այս պահին աղջկա մարմինը պահվում է +2 ջերմաստիճանում, սակայն բժիշկներն ասում են, որ անգամ այդ ջերմաստիճանում երկար պահել չի կարելի.«Դատաբժիշկն ասում է, որ ամենաօպտիմալ ջերմաստիճանն է, ճիշտն ասած՝ չգիտեմ, թե դեռ որքան ժամանակ կարելի է այսպես պահել մարմինը, ամեն դեպքում՝ արդեն կրիտիկական իրավիճակ է»։