Վերջին շրջանում մեր ուսումնասիրությունների արդյունքներում որոշակի հավելագրումների, թերգրանցումների փաստեր ենք հայտնաբերել, որի վերաբերյալ նաև քրեական վարույթներ են հարուցվել։ Այդ փաստերը դրվել են նաև լիցենզիայից զրկվելու հիմքում, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նշեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Միջինացված այս տարվա պլանով ՀԾԿՀ-ն սահմանել է մինչև 7 տոկոս թույլատրելի կորստի շեմ։ Դա մուտք եղած էլեկտրաէներգիայի քանակի և սպառված էլեկտրաէներգիայի քանակի տարբերությունն է։ Դրանից ներքև ցուցանիշներ կային, ինչը մեզ տարօրինակ թվաց, քանի որ այդ ցուցանիշով մենք գտնվում ենք թոփ 50 երկրների ցանկում՝ Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի հարևանությամբ։ Դա շատ զարմանալի էր, որ այդպիսի ցուցանիշներ են նկարվում ՀԷՑ-ում։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ դեպքերում կամ արևային կայաններից ինքնավար արտադրողների արտադրած էներգիան էր թերգրանցվում։ Այսինքն՝ ավելի շատ էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկվում և վճարվում էին վերջիններս։
Ընդ որում՝ մեծ թիվ էին կազմում պետական ու համայնքային ընկերությունները, որոնց վրա հավելագրումներ էին տեղի ունենում։ Այդ փաստերով նաև կալանավորումներ տեղի ունեցան ։
Այդտեղ կա նաև երրորդ ռիսկը՝ որոշակի քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության արդյունքում որոշակի մոնետիզացիայի գործարքներ կարող էին տեղի ունենալ։ Այսինքն՝ ստվերային շրջանառություն՝ ստվերային գումարներով։ 1,5 տասնյակից ավելի քրեական վարույթներ են նախաձեռնված այս պահին, նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, ով հավելագրրում էր արել համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվիչին՝ 1 մլն-ից ավելի գումարի տեսքով։
Դրանով և՛ տեխնիկական կորուստներն են նվազեցնում և մոտեցնում, մոտարկում սահմանված ցուցանիշին՝ 7 տոկոսին, ինչպես նաև հանրության կամ պետական ու համայնքային հիմնարկների հաշվին գեներացնում են որոշակի ստվերային շրջանառության էլեկտրաէներգիա։ Այսինքն՝ ավելին էր վճարում պետբյուջեն, քան իրականում սպառել էր տվյալ հիմնարկությունը»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ խոսքը մասնավորապես, դպրոցների, հիվանդանոցների, կոմունալ տնտեսության ՀՈԱԿ-ների, քաղաքների գիշերային լուսավորության ցանցերի վրա ահռելի հավելագրումների մասին է։
Ըստ Պետրոսյանի՝ հավելագրումների ծավալը, արդեն իսկ հայտնաբերված և փաստաթղթավորված, անցնում է մի քանի միլիոն կՎՏ ժամ քանակները։ Միջինացված դա կարելի է բազմապատկել միջին սակագնով՝ 50 դրամով։ Մի քանի տասնյակ միլիոն դրամի յուրացում-մեքենայությունների բյուջե ենք ստանում»,-ասաց նա։





