Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիին մեղադրել են դիվանագիտական սխալի համար. նա իր բլոգում պնդել է, թե Ադրբեջանը «ազատագրել է» Լեռնային Ղարաբաղը, գրում է Financial Times-ը։
Նշվում է, որ, ինչպես FT-ին ասել է մի հայ պաշտոնյա, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես լրացուցիչ պարզաբանումներ է խնդրել Մեծ Բրիտանիայից Լամիի հրապարակումից հետո: Այս հայտարարությունը Լամին արել է երկուշաբթի օրը Substack-ի նոր բլոգում:
«Ադրբեջանը կարողացել է ազատագրել 1990-ականների սկզբին կորցրած տարածքները»,- ասվում է գրառման մեջ։
Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման պետքարտուղարի այս միտքը չի հանվել կամ փոփոխվել՝ չնայած քննադատության ալիքին։
FT-ն նկատում է, որ հայկական կողմը Բաքվին մեղադրում է էթնիկ զտման մեջ, ինչը Մեծ Բրիտանիայի պաշտոնյայի գրառման մեջ չի արտացոլվում, ուստի տարբեր դիվանագետներ քննադատել են այս հայտարարությունը։
Արտաքին գործերի նախարարությունն, իր հերթին, պարզաբանել է, որ Լամիի մեկնաբանությունը չի նշանակում Լեռնային Ղարաբաղի հարցում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշման փոփոխություն։
Ըստ FT-ի՝ Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության խոսնակն ասել է, որ արտգործնախարարն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի մեկնաբանությունները «կեղտաբիծ են» բրիտանական արտաքին քաղաքականության վրա:
Կոնգրեսկանը սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Լամին հավանություն է տվել էթնիկ զտմանը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանացի նախարարն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն անվանել էր «տարածքների ազատագրում»: