ՀՀ Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը դեռևս չի քննարկել Անկախության հռչակագրին հղում կատարելու հարցը, այսօր լրագրողների հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց՝ Խորհրդի նիստերն ավելի հաճախակի են դարձել. վերջին նիստում մի քանի հարց է դրվել քվեարկության, և մի շարք ձևակերպումներ վերջնականապես մշակվել են։
«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կսկսենք իրազեկման արշավը, և բոլոր այն դրույթները, որոնց վերաբերյալ կա Խորհրդի քվեարկությունը, կներկայացնենք հանրությանը»,- ասաց նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ Անկախության հռչակագրին և Սահմանադրության առաջին գլխին հղումները դեռևս չեն քննարկվել։
Անդրադառնալով համաներման թեմային՝ Գալյանը տեղեկացրեց, որ այս պահին նման ծրագրեր չկան։
Ըստ նախարարի՝ ծրագրի բացակայությունը պայմանավորված է յուրաքանչյուր դատապարտյալի անհատական մոտեցում ցուցաբերելու հետ։
«Մենք ցանկանում ենք անհատական մոտեցում ցուցաբերել ազատությունից զրկված անձանց նկատմամբ և ոչ թե համընդհանուր կերպով լուծել մարդկանց՝ այսպես ասած խնդիրը։ Փորձում ենք անհատական կերպով, օբյեկտիվորեն գնահատել իրենց վարքը, որպեսզի նրանք կարողանան հավակնել պատժից պայմանական վաղակետ ազատվելուն։ Եվ մենք փորձում ենք զարգացնել այդ գործիքակազմը», – ասաց Գալյանը՝ հավաստիացնելով, որ շատ են դեպքերը, երբ դատապարտյալները պատժից պայմանական վաղակետ ազատվում են դադատարանի որոշմամբ։










