Տարիներով մեզ մեղադրում են, թե մենք մեր ինքնությունից շեղվում ենք, մեր երկիրը մեր ինքնությունից շեղում ենք, բայց Հայաստանի պատմության մեջ ոչ մի անգամ մեր ազգային և պետական արժեքները վերականգնելու վրա այնքան միջոցներ չեն ծախսվել, ինչպես դա տեղի է ունեցել վերջին 8 տարիներին, այսօր Շնողում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մտել ենք մի օրակարգի մեջ, որը ոչ թե մաքառման և գոյատևման է, այլ զարգացման և բարեկեցության է։ Մենք դուրս ենք եկել մի ցիկլից, որ մեր պետության ճակատագիրը պետք է կախված լինի ուրիշներից։ Մենք որդեգրել ենք ՀՀ պետականության հարատևության օրակարգը։ Այսօր այս խնդիրն ենք լուծում։
Հայաստանի այսօրվա տարածքում 1045-1918 թթ. պետություն գոյություն չի ունեցել, շուրջ հազար տարի այս տարածքում Հայաստան պետություն գոյություն չի ունեցել, և մենք պիտի վերադարձնենք պատմության այդ պարտքը։ Առաջիկա և հետագա հազար տարիներին այս տարածքում Հայաստան պետությունը պիտի գոյություն ունենա։
Ինչ որոշումներ կայացնում եմ, ինչի համար ինձ մեղադրում են, բացարձակ ամեն ինչ՝ իմ մտքերը, որոշումները, արարքները կենտրոնացած են եղել մի նպատակի վրա. չպետք է թույլ տանք ՀՀ կործանումը։ 2018-ին, երբ ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, Հայաստան պետության ավարտի ժամանակացույցը մոտենալիս է եղել իր ավարտին։ Բայց մեզ հաջողվել է ոչ միայն կանգնեցնել այդ ժամացույցը, այլև ջարդուփշուր անել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։









