Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել. նա բացահայտ, բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները եւ համաձայնի այդ պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու․ կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ալիևի հայտարարությունը, նրա կարծիքով, ագրեսիա է։
«Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի նկատմամբ եւ բարձրագույն մակարդակով ձեռք բերված համաձայնությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել:
2022-ի հոկտեմբերի 6-ին, Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալա Աթայի հռչակագրին, որով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»,-ասաց նա: