Խաղաղության կառուցման գործընթացում մենք արձանագրել ենք առաջընթաց։ Իհարկե, ոչ բոլոր խնդիրներն են լուծվել, չենք կարող ասել, որ խաղաղության ողջ օրակարգն ամբողջությամբ իրականացվել է, բայց այս հարցում կան արդյունքներ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Լրագրողները ԱԽ քարտուղարից հետաքրքրվեցին՝ արդյոք խաղաղությունն այն է, որ ադրբեջանական զինուժը անընդհատ թիրախավորում է հայ խաղաղ բնակչությանը՝ այս գիշեր ևս կրակելով Խոզնավարի բնակելի տներից մեկի ուղղությամբ, Արմեն Գրիգորյանն ասաց՝ մանրամասներին տեղյակ չէ, դեռ չի ծանոթացել միջադեպին, և ՊՆ-ի տարածած հայտարարությանը հավելելու ոչինչ չունի։
«Սահմանային միջադեպերի հետ կապված՝ մենք շարունակում ենք Ադրբեջանին առաջարկել դրանց հետաքննության համատեղ մեխանիզմներ ստեղծել, հետաքննել միջադեպերը»,- ասաց նա։
Արմեն Գրիգորյանը հիշեցրեց՝ ՀՀ վարչապետը հայտնել է, որ պատերազմ չի լինելու, տարածաշրջանում խաղաղություն է լինելու, և Հայաստանը շարունակում է աշխատել այս ուղղությամբ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ հայտարարություններին, ապա ամերիկացիները, ըստ նրա, իրավիճակի իրենց գնահատականն ունեն, իսկ Հայաստանը՝ իր։ Պաշտոնյան նկատեց՝ այդ գնահատականները կարող են չհամընկնել։
«Տեղի է ունեցել միջադեպ, և մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ այդ հարցում»,- ընդգծեց նա։
Արմեն Գրիգորյանը միաժամանակ նշեց, որ դիվանագիտական ուղիներով խորհրդակցություններ են անցկացվում Ադրբեջանի հետ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։
Նա պարզաբանեց, որ խաղաղության պայմանագրի տեքստը վերջնական տեսքի է բերվել, և մնում է միայն ստորագրել այն։
Վերջում Արմեն Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման դիմումը ստորագրել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միևնույն օրը։
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության հարցում Երևանի դիրքորոշմանը, նրա խոսքով, այդ դիրքորոշումը հայտնի է։