Կառավարության նիստում առողջապահության նախարարը նշել է, որ առկա է համավարակի թվերի մի փոքր աճ, ինչը կարմիր լույսով զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել պատվաստումների գործընթացն արագացնելուն։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Էլինար Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Համավարակի հետ կապված իշխանության հանգստությունը կամ անգործությունը մտահոգիչ է։
Վարչապետը կառավարության նիստին մասնակցում է դիմակով, այն դեպքում, երբ ըստ էության, մենք չունենք սահմանափակումների և կանխարգելումների հստակ քաղաքականություն։ Եղածն էլ որևէ կերպ չի գործում։ Չի հասկացվում ինչ մեսիջ է ուղարկում վարչապետը և ում. Նա կարող է շատ ավելի բազմամարդ հանդիպումներին լինել առանց դիմակ, սելֆիներ անել, գրկախառնվել և այլն։
Հայաստանը գտնվում է քովիդի նոր հարձակման բավական մեծ ռիսկի տակ և դա ապացուցող հիմնական գործոններն են.
• Իրավիճակը Ռուսաստանում. Այստեղ մեկ օրում կորոնավիրուսով ախտահարվում է մինչև 25 հազար մարդ։ Ռուսաստանի իշխանությունները հայտնում են, որ մեծ տարածում է արձանագրում կորոնավիրուսի «դելտա» տարբերակը: Ռուսաստանն անցել է լուրջ սահմանափակումների՝ հանրային վայրերում արգելվում է այն մարդկանց սպասարկումը, ովքեր չեն պատվաստվել են կամ եթե նրանց մոտ առկա չէ վերջին երեք օրվա ընթացքում հիվանդության բացակայության մասին թեստի արդյունք։ Չպատվաստված անձանց մերժվում է ոչ շտապ հիվանդանոցային բուժումը: Մոսկվայում վարակվածների օրական թիվը հասնում է 5600-ի, մահացության թվերը ռեկորդներ են խփում՝օրական՝ 100-ից ավելի մարդ։ Կյանքը Մոսկվայում և մյուս խոշոր քաղաքներում կանգնած է։ Այս ֆոնին ուղևորափոխադրումները ՌԴ-ից Հայաստան զգալի թիվ են կազմում։ Մեծ թիվ են կազմում ՌԴ Հայաստան այցելող մեր հայրենակիցները, տուրիստները։ Նրանց միջոցով վարակի տարածման կանխարգելման գործուն մեխանիզմներ չկան։ Չի կանխարգելում նաև սահմանային կետում հանձնվող ՊՇՌ թեստերը։ Դրանք վարակի տարածման դեմ պատնեշ չեն ստեղծում։ Հայաստան մուտք գործող հազարավոր քաղաքացիներ հանձնում են վճարովի թեստ, բայց ստանում են ոչ իրական բացասական պատասխան (քանի որ չեն պահպանել թեստ հանձնելու պայմանները)։
• Իրանում խոսվում է վարակի 5-րդ ալիքի տարածման մասին։ Իշխանությունները վարակի «դելտա» շտամի տարածմամբ պայմանավորված վերականգնել են մի շարք սահմանափակումներ։ Իրանում որոշում է կայացվել փակել ոչ առաջնային նշանակության կոմերցիոն ձեռնարկություններն այն տարածքներում, որտեղ վարակի մեծ ռիսկ: Շուրջ 275 քաղաքում, այդ թվում Թեհրանում, փակ են բոլոր հանրային այգիները, ռեստորանները, գեղեցկության սրահները, առևտրի կետերը, գրքերի խանութները: Միայն երեկ Իրանում գրանցվել է վարակի 23391 դեպք, մահացել է 136 մարդ։ Իրանում տիրող այս ռիսկային իրավիճակի պայմաններում մեծ է Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների հոսքը։ Կանխարգելման մեխանիզմներ՝ չկան։
• Վրաստանում ևս վարակի նոր բռնկում է։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1043-ով։ Օրական մահացածների թիվը շուրջ 20 է։ Բացված սահմանների պարագայում մեծացել է Վրաստան մեկնող և վերադարձող մեր հայրենակիցների թիվը։ Վարակի տարածման ռիսկերը մեծանում են։
• Հայաստանում չեն գործում որևէ կանխարգելման նորմեր՝ դիմակ, սոցհեռավորություն։ Հունիսի 1-ից հանվել է բաց տարածքում դիմակ կրելու պահանջը։ Փակ տարածքներում, սակայն որևէ մեկը դիմակ կրելու պահանջին ևս չի հետևում։ Մոռացության է մատնվել նաև ախտահանման միջոցների պահանջը։
• Նախարարը նշում է, որ Հայաստանում այս պահին 97 հազար 711պատվաստում է իրականացվել։ Թե որքա՞նն են այդ պատվաստվողներից ՀՀ քաղաքացիներ, պարզ չէ։ Նախարարն ինքն է արձանագրում, որ հերթեր են գոյանում, քանի որ օտարերկրյա քաղաքացիները նույնպես պատվաստվում են ՀՀ-ում։ Մենք ինքներս բացօթյա տարածքներում տեղադրված շարժական կետերում ականատես ենք լինում Հայաստան ժամանած պատվաստվել ցանկացող օտարազգիների հերթերի։ Ուրեմն այդ 97 հազար պատվաստվածներից քանիսն են ՀՀ քաղաքացի, դժվար է ասել։
Հայաստանը քովիդի նոր հարձակման ռիսկի առջև է։ Պետությունը չունի համավարակի դեմ պայքարի միասնական քաղաքականություն, կանխարգելման մեխանիզմներ, պետությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներն ապրում են իրենց համար։ Իսկ թե մեզ շրջապատող երկրներում ահագնացող վարակը ինչ սպառնալիքներ կարող է ստեղծել մեզ համար, այդ հարցի մասին կմտածենք հետո, հավաբար վաղը, կամ մյուս օրը, կամ միգուցե երբ Հայաստանում կլինի վարակի նոր բռնկում»։