«Հաղթանակ» դաշինքի երեք անդամի մեղադրանք է առաջադրվել կաշառակերության համար, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի՝ Վաղարշապատ համայնքի քաղաքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը:
Նրա տեղակացմամբ՝ խուզարկություններ են իրականացվել «Հաղթանակ» դաշինքի նախընտրական ցուցակից Արմեն Դավթյանի, Կարեն Գևորգյանի և Տիգրան Գևորգյանի տներում։ Սևակ Խաչատրյանը հիշեցրեց՝ նշված անձինք գրավի դիմաց ազատ են արձակվել։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ իրեն չեն հրավիրել հարցաքննության, իր տունը չեն խուզարկել։
«Տիգրանին չեն տարել, տարել են Արմենին և Կարենին, բայց Տիգրանենց տունն էլ են խուզարկել»,- ասաց նա։ Բանախոսը, սակայն, չբացառեց, որ դաշինքի հաղթանակ տանելու դեպքում իրենց քաղաքական ուժի բոլոր անդամները բանտ կուղարկվեին։
«Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ դաշինքի ներսում տարաձայնություններ սերմանելուն ուղղված քրեական գործով ներգրավված է հինգ անձ, որոնցից երկուսին ես չեմ ճանաչում», – ասաց Խաչատրյանը՝ հնարավոր համարելով, որ այս գործերով փորձեր են արվում գտնել մեկին, ով կեղծ ցուցմունք կտա իր դեմ։
Նա, սակայն, համոզմունք հայտնեց, որ նման փորձերն ապարդյուն են անցնելու։
Սևակ Խաչատրյանը շեշտեց՝ ՔՊ-ն չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ համայնքում կա մի քաղաքական ուժ, որը հավաքել է 10 հազար ձայն։
«Իշխող ուժն առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շարունակելու է վարկաբեկել մեր ուժը», – համոզմունք հայտնեց բանախոսը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 48,5% ձայն։ Երկրորդ տեղը զբաղեցրել էր «Հաղթանակ» դաշինքը՝ հավաքելով 31,8% ձայն։ Ընդդիմադիրների հետապնդումները սկսվել են հենց Վաղարշապատի ընտրությունների հաջորդ օրը։




