Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը դիմել է հայ գործարարներին՝ կոչ անելով նվիրատվություն անել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։
«Օրեր անց՝ օգոստոսի 23-ին, կլրանա Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձը․ պատմական մի իրողություն, որին հայ ժողովուրդը միահամուռ, անսահման ոգևորությամբ ու հավատով լի իր վավերացումը տվեց համապետական հանրաքվեի միջոցով՝ որդեգրելով անկախ ու ազատ ապրելու նախնիներից ժառանգած դարավոր երազանքի ուղին։
Այդպիսի հզոր ոգևորություն մենք, թերևս, ապրել ու ապրում ենք ամեն անգամ, երբ ականատես ենք լինում հայ զինվորի, հիրավի, նվիրական հայրենասիրությանը, հայկական բանակի հաղթական քաջագործություններին։ Ավարայրից մինչև Սարդարապատ, հայրենի բնօրրանից՝ մինչև Բեռլին, Արցախյան ազատամարտ․ հաղթական այս ուղին հայ ռազմիկն անցել է իր ազգի ու հայրենիքի առջև ունեցած պարտքի բարձր գիտակցումով՝ մշտապես զգալով թիկունքի անմնացորդ աջակցությունը։ Եվ հայ զինվորի հաղթական քայլն ամեն անգամ ավելի ամուր ու հաստատուն է եղել, երբ համախմբված է եղել ողջ ազգը, նվիրումը եղել է միասնական, հայ հանրությունը թշնամու առջև կանգնել է որպես մեկ-միացյալ բռունցք։
Անմնացորդ նվիրումի ու միասնականության աննախադեպ դրսևորումների մենք ականատես եղանք նաև Քառօրյա պատերազմի, օրերս՝ Տավուշի տարածաշրջանում թշնամու նենգ ոտնձգությունների սանձման ժամանակ, երբ հայ զինվորը հերթական անգամ ապացուցեց իր բազկի ու մտքի ուժը, իսկ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ի ցույց դրեց հայրենիքին ու հայոց բանակին իր անմնացորդ սատարումն ու միասնականությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ հայկական Սփյուռքում։
Վերջինիս դրսևորումները բազմապիսի են, այդ թվում՝ այն ակտիվությունը, որ այս օրերին ցուցաբերում են մեր հայրենակիցները՝ իրենց ներդրումը բերելով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։
Հայ գործարար խավը բոլոր ժամանակներում էլ աչքի է ընկել իր ազգանվեր գործունեությամբ, ամենայնս իր մասնակցությունն ու ներդրումն է ունեցել ազգապահպան նախաձեռնություններին ու հայոց բանակի հզորացմանը։ Ուստի, կոչս ուղղում եմ ինչպես Հայաստանի գործարարներին, այնպես էլ արտերկրում իրենց ձեռնարկներում հաջողություններ գրանցած մեր հայրենակիցներին՝ հնարավորության սահմաններում մասնակիցը լինել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համալրմանը՝ դրանով իսկ ավելի հասցեական, նպատակաուղղված ու համակարգված բնույթ հաղորդելով մեր օժանդակությանը հայոց բանակին՝ ի պետս մեր ապագա հաղթանակների, ի սատարումն մեր հայրենիքի խաղաղ առօրյայի և պետականության ամրապնդման»։