Սեպտեմբերի 6-ից 10-ը Մարոկոյի մայրաքաղաք Ռաբաթում գումարվել են Ընկերվար (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության (ԸԵՄՄ/IUSY) ղեկավարության ժողովը և Երիտասարդ սոցիալ դեմոկրատական խորհրդարանականների ֆորումը, որոնց մասնակցել է ԸԵՄՄ-ի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը:
ԸԵՄՄ-ի ղեկավարության ժողովի առանցքային օրակարգը 2025-ի գործունեության ծրագրի քննարկումն էր: Սարինե Աբրահամյանն իր զեկույցում ներկայացրել է Հայաստանի այսօրվա արտաքին մարտահրավերները, մասնավորապես՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարումն ու ուժի սպառնալիքի տակ զիջումների անօրինական պահանջը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, մասնավորապես՝ ընդդիմադիր ուժերի և անհատների նկատմամբ իշխանության քաղաքական հետապնդումներին և ոստիկանության կողմից բիրդ ուժի կիրառմանը։
Ծավալուն քննարկման է արժանացել Բաքվում կայանալիք COP29-ի միջոցառումն ու դրա հետ կապված անելիքները: Աբրահամյանը հիշեցրել է Ադրբեջանի՝ Արցախում իրականացրած էթնիկ զտման, Արցախի մշակութային ժառանգության բնաջնջման, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին: Նա տեղեկացրելէ նաև Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, շրջակա միջավայրի աղտոտման, բռնապետության և ժողովրդավարության պակասի մասին:
Ֆորումի շրջանակներում Սարինե Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել Մարոկոյից, Կոլոմբիայից և Կաբո Վերդեից ժամանած պատգամավորների հետ՝ վերջիններիս հետ քննարկելով Բաքվում կայանալիք COP29-ի հետ կապված հարցերը։ Ներկայայնելով վերոնշյալ հիմնախնդիրները՝ Սարինե Աբրահամյանը շեշտադրել է Արցախի ղեկավարության, բոլոր ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտությունը: Նա կոչ է արել պատգամավորներին՝ իրենց կառավարություններից պահանջել՝ դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Պատգամավորները տեղեկացրել են՝ դեռեւս պաշտոնապես հայտարարված չէ իրենց երկրների մասնակցության ձևաչափը, սակայն խոստացել են հետևել իրադարձություններին և հարցեր ուղղել իրենց կառավարություններին՝ Բաքվում կայանալիք COP29-ի վերաբերյալ: